Ռազմաօդային ուժերի եկու գեներալներ անցել են թուրքական սահմանը և ժամանել թուրքական Ռեյլանլի քաղաքը, որը տեղակայված է սիրիական սահմանի մոտ: Նրանք հայտարարել են, որ լքում են Ասադին հավատարիմ զինված ուժերը և միանում են Թուրքիայում գտնվող ընդդիմության ուժերին: Այս մասին AFP գործակալությանը հայտնել է թուրք դիվանագետներից մեկը, ում անունը չի հրապարակվում:
Գեներալները, մի քանի տասնյակ սպաներ և նրանց ընտանիքների անդամները տեղավորվել են առանձին ճամբարում, որտեղ ապրում են Սիրիան լքած դասալիքները: Թուրքական իշխանությունները հրաժարվում են նշել Թուրքիայի տարածքում գտնվող գեներալների ճշգրիտ թիվը: Հայտնի է, որ նրանցից ոմանք վերադառնում են Սիրիա և միանում ապստամբներին:
Ներկա պահին Թուրքիայում 148 սիրիական փախստականներ են ապրում: Թուրքիայում են ապաստան գտել նաև սիրիական ընդդիմության քաղաքական և ռազմական ղեկավարության ներկայացուցիչներ:
Չորեքշաբթի օրը տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Սիրիան լքել է ռազմական ոստիկանության հրամանատար, գեներալ Աբդել Ազիզ Ալ-Ջասեմ Շալալը:








































