Այսօր մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ առևտրային բանկերին չի տրամադրել բավարար քանակությամբ կտրոններ, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեցին ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ առևտրային բանկերին 2011 թվականից առ այսօր տրամադրել է ընդհանուր թվով 601,000 կտրոններ, այդ թվում 2011 թվականին 2013 թ-ի համար տրամադրել է 37,500 կտրոն, իսկ 2012 թվականին՝ 2013-14 թթ-ի համար 310,406 կտրոն: Ի դեպ նշենք, որ այս տարի ՀՀ ֆինանսների նախարարությունը տպագրել է ավելի շատ քանակությամբ կտրոններ, քան անցյալ տարի: Միայն դեկտեմբեր ամսի 5-ին, 6-ին, 11-ին և 14-ին ՀՀ բոլոր առևտրային բանկերին ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է ընդհանուր թվով 36,950 կտրոն, ընդ որում ելնելով պահանջարկից՝ դեկտեմբերին ՀՀ առևտրային բանկերին նաև լրացուցիչ քանակությամբ տեխզննման կտրոններ են տրամադրվել, այդ թվում՝ դեկտեմբերի 19-ին Արարատ բանկին տրամադրվել է 3000 կտրոն, Արդշինինվեստբանկին՝ 3000 կտրոն, Հայէկոնոմբանկին՝ 5000 կտրոն, ՎՏԲ Հայաստան բանկին՝ 4000 կտրոն, դեկտեմբերի 21-ին՝ Արդշինինվեստբանկին՝ 2000 կտրոն, Կոնվերսբանկին՝ 1000 կտրոն, Պրոմեթեյբանկին՝ 100 կտրոն, դեկտեմբերի 24-ին՝ Հայէկոնոմբանկին՝ 567 կտրոն, ՎՏԲ Հայաստան բանկին՝ 2000 կտրոն:











































