Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում մթնոլորտը շարունակվում է մնալ լարված: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասացին քոլեջ փոխտնօրեն Ալբերտ Գևորգյանը, դասախոսներ Խաչիկ Թումանյանը և Պապլո Գրիգորյանը:
Փոխտնօրեն Ալբերտ Գևորգյանի խոսքով՝ Աննա Մնացականյանի երկու ամսվա ժամանակավոր պաշտոնավարման ընթացքում մի շարք բացասական երևույթներ ի հայտ եկան, որոնք չէին եղել իր՝ քոլեջում աշխատելու տասներկու տարիների ընթացքում:
«Այժմ քոլեջում տիրում է բամբասանքների մթնոլորտ, դավադրություններ են իրականացվում այն դասախոսների նկատմամբ, ովքեր իրեն դեմ են արտահայտվում»,- ասաց Ալբերտ Գևորգյանը:
Տնօրենի ընտրության ընթացքում քոլեջի կոլեգիալ խորհրդից ութը իր ձայնը տվել է թեկնածու Արմեն Հարությունյանին, սակայն ԿԳ նախարարի դեկտեմբերի 24-ի հրամանով Աննա Մնացականյանն է նշանակվել քոլեջի տնօրեն: Մինչդեռ Արմեն Հարությունյանը մասնագետ է: Բանախոսներին հատկապես զայրացնում է այն, որ այս քոլեջի տնօրենի պաշտոնը ժառանգաբար է անցնում:
Խաչիկ Թումանյանը 42 տարի աշխատում է քոլեջում, ամենակարևորը, ըստ նրա, կրթական համակարգում տնօրենը պետք է լինի մանկավարժ, իսկ եթե արվեստի օջախ է՝ արվեստագետ: Նրա խոսքով՝ Աննա Մնացականյանը ունի մենեջերի հատկություններ՝ ով իրեն դեմ է, սկսում է քեն պահել, հետապնդել:
Նրանք նշեցին, որ ԿԳ նախարարին ուղղված նամակում մոտ 850 ստորագրություն է հավաքվել, այդ թվում՝ 300 ուսանողների, 20-ից ավելի քոլեջի դասախոսների: Ստորագրահավաքին մասնակցել են Նկարիչների միության, Գեղարվեստի ակադեմիայի դասախոսներ և ուսանողներ:
Պապլո Գրիգորյանի խոսքով՝ Աննա Մնացականյանը որևէ կապ չունի մշակույթի հետ: Մենք այսօր պաշտպանում ենք Հայաստանի մշակույթի ապագան:
Մեր դիտարկմանը՝ մամուլում շրջանառվում են լուրեր, որ առաջին դեմքերին է դիմել Ալվարդ Պետրոսյանը՝ հարսին քոլեջի պաշտոնին նշանակելու համար, բանախոսներն ասացին, որ լսել են այդպիսի լուրեր, բայց փաստեր չունեն:
Շուտով ստորագրահավաքով կդիմեն նաև Սերժ Սարգսյանին: Նրանք նշեցին, որ ընտրությունից հետո էլ պայքարը շարունակվելու է:











































