ԱՄՆ-ը ժամանակավորապես փակել է դեսպանությունը Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում՝ այդ երկրի հյուսիսում ապստամբության և մայրաքաղաք Բանգիում բողոքի ցույցերի ֆոնին: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Պետդեպի ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելին:
Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լոուրենս Վոլերսը լքել է երկիրը ևս մի քանի ամերիկացիների հետ, որոնք այնտեղ էին գտնվում որպես մասնավոր անձ: Ավելի վաղ ԱՄՆ-ը իր բոլոր քաղաքացիներին կոչ էր արել լքել այդ երկրի տարածքը:
«Մենք չենք խզում դիվանագիտական հարաբերությունները Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության հետ: Այդ որոշումը հիմնված է բացառապես մեր աշխատակիցների անվտանգության մասին անհանգստության վրա»,- ընդգծել է Վենտրելը:
Վենտրելը երկխոսության կոչ է արել աֆրիկյան երկրում հակամարտող կողմերին` աջակցելու Կենտրոնական Աֆրիկայի պետությունների տնտեսական ընկերակցությանը, որպեսզի համաձայնագիր մշակվի, որը խաղաղության և անվտանգության նոր պատկերացում կտա երկրին:
Ապստամբները, որոնք ձգում են տապալել գործող նախագահ Ֆրանսուա Բոզիզեին, վերջին շաբաթներին երկրի հյուսիսում մի քանի քաղաքներ են զավթել: Որոշ տեղեկություններով՝ նրանք շարժվում են մայրաքաղաքի ուղղությամբ:
Բանգիում ցուցարարները քարեր են նետել Ֆրանսիայի դեսպանության ուղղությամբ՝ մեղադրելով նրան իր նախկին գաղութում ապստամբությունը դադարեցնել չկարողանալու մեջ:
Ֆրանսիան իր դեսպանատունը չի փակել, փոխարենը այնտեղ է ուղարկել հավելյալ ուժեր: Ֆրանսիան խոստացել է նաև պաշտպանել «հանրապետության քաղաքացիների շահերը»:
Իր հերթին ՄԱԿ-ը երկրից տարհանել է իր երկրորդական աշխատակիցներին:








































