Էլիզաբեթ Մունկ Էլինգսենը՝ նկարիչ Էդվարդ Մունկի հեռավոր ծոռնուհին, Նորվեգիայի խորհրդարանին բողոքել է Օսլոյի իշխանություններից: Ինչպես գրում է AFP գործակալությունը, նրա դժգոհությունն է հարուցել այն, որ մայրաքաղաքի իշխանությունները չեն կարողանում լուծել Մունկի թանգարանի նոր շենքի հարցը:
Վերջին տարիներին Օսլոյում քննարկվում է Մունկի ժառանգությունը այլ շենք տեղափոխելու անհրաժեշտությունը: 2008 թվականին քաղաքային խորհուրդը հավանության էր արժանացրել քաղաքի օպերային շենքի հարևանությամբ շինարարության նախագիծը: Դրա ստեղծմանը ներգրավվել էր իսպանական ճարտարապետական ընկերությունը, սակայն 3 տարի անց շինաշխատանքներն առանց պատճառաբանության դադարեցվել են:
Այդ ժամանակվանից տեղի իշխանությունները չեն կարողանում որոշել` որտեղ պետք է տեղակայվի նկարչի հավաքածուն: Ներկայում գոյություն ունի 3 նախագիծ, այդ թվում՝ նախկին շենքի լիովին վերականգնումն ու փակված շինարարության վերսկսումը:
Այդ անորոշությունն էլ հարուցել է Էլինգսենի դժգոհությունը: Նա բարդացող իրադրությունը «խայտառակ և սկանդալային» է անվանել:
Էդվարդ Մունկի թանգարանի հետ կապված սկանդալը տեղի է ունենում նրա հոբելյանի նախաշեմին: 2013-ին Նորվեգիան կնշի նկարչի ծննդյան 150-ամյակը:








































