Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երեկ Բաքվում լրագրողների հետ ունեցած զրույցում անդրադարձել է Վրաստանի ու Ադրբեջանի սահմանազատման խնդրին.
«Մենք կարող ենք առանց ավելորդ մեծ սկանդալների սահմանազատիչ գծեր անցկացնել Վրաստանի ու Ադրբեջանի միջև: Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստ է դրան: Իլհամ Ալիևը հպարտորեն ընդգծեց, որ իրենց հաջողվել է Ռուսաստանի հետ սահմանազատման հարցը լուծել այնպես, որ հավելյալ հարցեր չառաջանա: Նա հավելեց, որ Ադրբեջանն այդ հարցում ունի փորձ և լավ է աշխատում:
Մենք մեր կողմից ունենք մի շարք հարցեր, սակայն Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում պարզ դարձավ, որ բոլոր հարցերը կարելի է լուծել բանակցային սեղանի շուրջ: Մենք անպայմանորեն կլուծենք բոլոր վիճելի հարցերը՝ առանց ամեն տիպի սկանդալների: Բնականաբար, վեճեր կլինեն, դա նորմալ է: Վեճեր լինում են անգամ ընտանիքում»:
Հիշեցնենք, որ Վրաստանը սահմանակցում է Ադրբեջանի 7 շրջանների հետ՝ շուրջ 480 կիլոմետր: Ներկայումս կողմերին հաջողվել է իրականացնել սահմանազատման աշխատանքների 65 տոկոսը: Չլուծված է մնում, մասնավորապես, Դավիթ Գարեջիի քարանձավային վանական համալիրի հարցը, որը գտնվում է Թբիլիսիից 60 կիլոմետր դեպի հարավ-արևելք:









































