ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրով տարեկան 720 հզ. երեխա կստանա ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն՝ լրիվ ծավալով, և հիվանդանոցային բուժօգնություն` պետական պատվերով սահմանված ծավալներին համապատասխան։ Նաև նախատեսվում է հիվանդանոցային բուժօգնության ոլորտում «Երեխաների առողջության պետական հավաստագիր» ծրագրի շարունակական ներդրում. տարեկան 0-7 տարեկան շուրջ 300 հզ. երեխա, ըստ անհրաժեշտության, կստանա մատչելի և որակյալ հիվանդանոցային բուժօգնություն: Ծրագիրը ներկայացված է կառավարության՝ դեկտեմբերի 27-ի նիստի հաստատմանը:
Ըստ որոշման նախագծի՝ ռազմավարական ծրագրի հիմնական միջոցառումները ներառում են սոցիալական պաշտպանության, առողջապահության, կրթության, մշակույթի, անչափահասների գործերով արդարադատության ոլորտները: Նախատեսվում է խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում և դպրոցներում առողջապահական համակարգի արդյունավետության գնահատում և բարելավման ռազմավարության մշակում, առողջ ապրելակերպի վերաբերյալ քարոզչական հաղորդումների, գրականության մշակում ու տարածում և այլն:








































