Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ, վարչապետ Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հրավերով վաղը երկօրյա պաշտոնական այցով ժամանելու է Մեծ Բրիտանիա: Այս մասին հայտարարել է վարչապետական ապարատի մամլո ծառայությունը:
Պլանավորված է, որ մարտի 31-ին Էրդողանին նախ կհյուրընկալեն թագուհի Էլիզաբեթ 2-րդը, ապա նաև վարչապետ Դևիդ Քեմերոնը և նրա տեղակալ Նիք Քլեգը:
Այդ հանդիպումների ընթացքում քննարկվելու են թուրք-անգլիական քաղաքական, տնտեսական, առևտրային ու դիվանագիտական հարաբերությունները, ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցությունը, Հյուսիսային Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում գրանցված վերջին զարգացումները, Կիպրական հարցը, G-20-ը և տարածաշրջանային ու միջազգային մի շարք այլ խնդիրներ:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը մեծապես աջակցում է ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցությանը: 2010 թվականի հուլիսի 27-ին Քեմերոնն Անկարայում հայտարարեց, թե ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելը կնպաստի մուսուլմանական աշխարհի հետ ԵՄ-ի հարաբերությունների բարելավմանը: Բացի այդ, Քեմերոնը սուր քննադատության ենթարկեց այն երկրներին, որոնք ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու հարցում գիտակցաբար իսլամատյացություն են առաջացնում: Ըստ Քեմերոնի` Թուրքիան չափավոր իսլամական երկիր է, և անհրաժեշտ է իսկական իսլամը տարբերել նրա ծայրահեղական տարբերակներից:
Քեմերոնը նաև ընդգծել էր Թուրքիայի դերը` որպես ՆԱՏՕ-ի անդամ. «Երբ ես պատկերացնում եմ, թե Թուրքիան` որպես ՆԱՏՕ-ի անդամ, որքան շատ բան է արել Եվրոպայի պաշտպանության համար, և այն, ինչ հիմա է անում Աֆղանստանում` մեր եվրոպական դաշնակիցների հետ, ապա զայրույթ եմ ապրում, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը դանդաղեցվում է: Բավական չէ, որ ասում են Թուրքիան միայն պահպանում է ճամբարը, նաև, որ պետք է գտնվի վրանում»:
Անկարայում Քեմերոնը հանձն առավ ստանձնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացում «լավագույն փաստաբանի» դերը, ինչը նշանակում է, որ Մեծ Բրիտանիան ներկայումս փորձում է ԵՄ-ում Գերմանիայից ու Ֆրանսիայից խլել նախաձեռնությունն ու ազդեցությունը և ի դեմս Թուրքիայի հեռանկարում ստանալ հուսալի և բարյացակամ դաշնակցի:
Ուստի ամենևին էլ պատահական չէր, որ հոկտեմբերի 24-ին Թուրքիան և Մեծ Բրիտանիան Ստամբուլում հուշագիր ստորագրեցին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում փոխըմբռնման ու համագործակցության շուրջ, իսկ Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտը, որը հայտնի է Chatham House անունով, նոյեմբերի 9-ին տարվա քաղաքական գործչի մրցանակը հանձնեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին:







































