Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը սադրիչ դիտարկումներ է արել Twitter-ի իր էջում քրդերի, հայերի և աթեիստների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Today`s Zaman-ը:
Քաղաքապետը հրապարակել է իրար հաջորդող երեք թվիթներ: Նա սկզբում տարածել է տեսանյութ Cihan լրատվական գործակալությունից: Տեսանյութում երևում են հին կադրեր Քրդստանի Աշխատավորական կուսակցության անդամների մասնակցությամբ, ովքեր ապահովում են կուսակցության մյուս անդամների ժամանցը՝ ծաղրելով նամազը կամ իսլամական ծիսական աղոթքը: Տեսանյութի կողքին քաղաքապետը մեկնաբանություն է թողել. «PKK-ի նման անդամներն են, որ խաղաղ գործընթաց կամ պատերազմի ավարտ չեն ցանկանում: Նրանք իսլամի թշնամիներն են: Ահա ապացույցը»:
Այնուհետև նա շարունակել է. «Խաղաղությո՛ւն քրդերին արևելքում, ովքեր իրենց կյանքն են դնում առաջնագծում ազգի, համերաշխության և իսլամի համար»:
Հաջորդ թվիթում նա շարունակել է. «Սակայն քուրդ ներկայացողների մեջ ըստ էության հայ աթեիստներ կան»: Քաղաքապետն այնուհետև ջնջել է թվիթը, սակայն պատասխան մեկնաբանությունները երկար սպասեցնել չեն տվել:
Պարբերականը պարզաբանում է, որ քաղաքապետը նկատի է ունեցել «թաքնված» հայերին, ովքեր ձևացել են մուսուլման քրդեր Դերսիմի լեռներում՝ խուսափելու համար 1915 թվականի հալածանքներից:
Պարբերականը հարցի վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել Taraf daily-ի հայ սյունակագիր Հայկո Բաղդադից: Նրա խոսքով՝ դա ռասիզմի դրսևորում է, նախապաշարմունք՝ բազմաթիվ մակարդակներով: Այն ուղղված չէ ժողովրդագրական մեկ խմբի դեմ, այլ մի քանի՝ հայերի, քրդերի ու աթեիստների դեմ է: «Դա ատելությամբ լի ելույթ է, և եթե սա լիներ քաղաքակիրթ երկիր, ապա նա կհեռացվեր պաշտոնից նման դիտարկումների համար: Սակայն նման դիտարկումները համատարած են դարձել «Արդարություն և զարգացում» կուսակցության ադամների շարքում»,- ասել է նա:
Օգոստոսին ռասիստական մեկնաբանությունների հետ կապված միջադեպ էր տեղի ունեցել ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ. «Ինձ վրացի են ասում… նույնիսկ ավելի տգեղ բաներ են ասում՝ ինձ հայ են անվանում, սակայն ես թուրք եմ»:











































