Երեկ հայտնի դարձած պաշտոնական վիճակագրության տվյալներով` ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին միայն օդային ճանապարհով՝ Երևանի և Գյումրիի օդանավակայաններով Հայաստանից մեկնածների և ժամանածների թվի բացասական տարբերությունը գերազանցում է 50 հազարը: Եվ սա միայն օդային ճանապարհով` այն դեպքում, երբ հսկայական քանակի մարդ Հայաստանից հեռանում է ավտոբուսներով՝ ինքնաթիռի տոմսի գումար չունենալու պատճառով:
Միևնույն ժամանակ, երեկ հայտնի է դարձել նաև, որ անցած ինն ամիսների ընթացքում Հայաստանի տասը հազարից ավելի քաղաքացիներ ընդունել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն: Հայտնի չէ, նրանք հրաժարվել են Հայաստանի քաղաքացիությունից, թե ոչ, սակայն որ հոգեբանական առումով հրաժարվել են՝ հաստատ է:
Ռուսաստանը վերջին շրջանում հեշտացրել է քաղաքացիության ստացումը ԱՊՀ բնակիչների համար, ինչը նշանակում է, որ առաջիկայում Հայաստանի քաղաքացիների թիվը, որոնք ՌԴ քաղաքացիություն են ստանում` կավելանա անկասկած: Այս ցուցանիշները առանց չափազանցության խոսում են երկրի աղետի մասին, որը հետևանքն է այն կառավարման, որն իրականացվում է Հայաստանում բոլոր առումներով՝ սկսած կադրային լուծումներից, մինչև այդ կադրերի կայացրած և իրագործած որոշումները:
Այս ամենի արդյունքում Հայաստանի քաղաքացիները հեռանում են Հայաստանից, ձեռք են բերում Ռուսաստանի քաղաքացիություն, իսկ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ արտագաղթի մասին պետք չէ խոսել չափազանցնելով իրավիճակը: Ինչ խոսք, եթե իրավիճակը համեմատենք իշխանությունների ադեկվատության կորստի հետ, ապա այստեղ, իհարկե, կորուստը չափից ավելի մեծ է, քան Հայաստանից արտագաղթի տեմպերն ու տվյալները: Եվ այս տեսանկյունից, ինչքան էլ չափազանցնենք արտագաղթը, միևնույն է` դա չի գերազանցի Հայաստանի իշխանությունների ադեկվատության կորստին: Սակայն սա, բնականաբար, չի կարող մխիթարանք լինել:
Մխիթարանք չի կարող լինել անգամ այն, որ առաջին ինն ամիսները հիմնականում խոպան գնալու ամիսներ են, և ըստ էության` վերջին եռամսյակին վերադարձողներն անհամեմատ ավելի շատ կլինեն, և բացասական սալտոն անհամեմատ կնվազի իհարկե: Սա չի կարող մխիթարանք լինել Հայաստանի ժողովրդագրական պատկերի համեմատ: Արտագաղթի տեմպերի դանդաղումը Հայաստանի համար միթարանք չի կարող լինել արդեն, որովհետև դա արդեն հիշեցնում է ընդամենը ցամաքող առու, ոչ թե առվի դիմաց կառուցված ամբարտակ, որը սկիզբ է դնելու ջրառատ մի ջրամբարի:
Ջրամբարը Հայաստանի իշխանությունները դիտում են որպես վտանգ իրենց իշխանությանը, որովհետև ինչքան շատ լինի ջուրը, այնքան դժվար է լինելու ամբարտակին դիմանալ այդ ճնշմանը: Դրա համար ավելի նախընտրելի է ցամաքող առուն՝ մի կողմից մարդ չի մնա, որ ճնշի, մյուս կողմից էլ քարոզչության համար է լավ՝ կասեն վերջապես արտագաղթը դանդաղել է:










































