Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մեկնաբանել է Ռուսաստանի և Վրաստանից անջատված Աբխազիայի միջև պայմանագրի նախագիծը՝ դաշնակցության և ինտեգրման մասին, որը հրապարակվել է երկու օր առաջ: Այս մասին գրում է BBC-ն:
Նրա խոսքերով՝ այդ պայմանագիրը հերթական քայլն է ընդդեմ Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության: Նա նշել է, որ այդ փաստաթղթի ձևակերպումը անվտանգության առումով կվատթարացնի իրավիճակը Սև ծովի ավազանում և Կովկասյան տարածաշրջանում:
«Այս պայմանագիրը անմիջական սպառնալիք է ստեղծում մեր երկրի պաշտպանունակության համար: Եթե պայմանագիրը սկսի գործել, տարածաշրջանում կվատանան մարդասիրական վիճակը և մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը»,- ասել է նա:
Նա երկրի օրենսդիր մարմնին կոչ է արել ամենակարճ ժամկետում քննարկել ստեղծված իրադրությունը և մշակել սեփական դիրքորոշում, որի հիման վրա կգումարվի Ազգային անվտանգության խորհուրդ, ինչպես նաև կծրագրվեն իրավիճակի կայունացման հետագա քայլերը:







































