Հայաստանի ամերիկյան համալսարանում երեկ տեղի ունեցավ հանդիպում կրթական ոլորտի աշխարահռչակ երկու ներկայացուցիչների՝ Վարդան Գրիգորյանի և Միհրան Աղաբաբյանի հետ:
Ամերիկահայ գիտնական, լեզվաբան, Նյու Յորքի Կարնեգի մարդասիրական կառույցի նախագահ Վարդան Գրիգորյանն իր ելույթում նշեց, որ երիտասարդությունը մեր ապագան է, ուստի պետք է ամեն ինչ անենք, որ այսքան գեղեցիկ ու բարետես տղաները և աղջիկները պատրաստվեն ոչ թե որպես ֆունկցիոներներ, այլ որպես առաջնորդներ, իրենց ոլորտի առաջատարներ:
«Ցանկացած դիպլոմ կարող են ունենալ, բայց երկրում պետք է լինեն աշխատատեղեր, որ մնան երկրում, բայց պետք է ձեռներեցներ լինեն, այն, ինչ մենք արել ենք օտար երկրների համար: Մենք ներդրումներ ենք արել ամենուր. Սինգապուրի առաջին եկեղեցին հայերն են կառուցել, Փարիզ, Վիեննա, ամբողջ աշխարհում մենք կառուցել ենք, շենացրել, միայն այս տարածաշրջանը մենք պատմության ընթացքում անուշադրության ենք մատնել։ Այլևս արդարացում չկա, պետք է ներդրումներ անենք այստեղ: Այո, ամերիկյան բարեգործությունն ինչ-որ բաներ կանի այս երկրի և նաև Ամերիկյան համալսարանի համար, ոչ միայն հայ բարեգործները, ավելի շատ միջազգային չափանիշներ ենք բերել այստեղ: Այդ չափանշներին հայերը արժանի են»,- ասաց նա:
Գիտականությունը, նրա դիտարկմամբ, համամարդկային է, այն չի կարող բաժինների բաժանվել, ուսումնառությունը համամարդկային արժեք է, այն չի կարող մասնատվել, հնարավորությունը համամարդկային արժեք է:
«Մեր երիտասարդները, մեր երկիրը արժանի են այն ամենին, ինչ բերել ենք Հայաստան, բայց մենք պետք է համատեղ գործենք: Նա, ով Մատենադարանը, բուհերը անուշադրության է մատնում, դավաճանում է երկրին, ես խորհուրդ կտամ՝ երկրին ծառայեք որպես կամուրջ Հայաստանի և ԱՄն-ի միջև, Հայաստանի և Ճապոնիայի միջև, քանի որ գիտականությունը համամարդկային է, այն չի կարող մասնատվել»:
Նրա կարծիքով՝ ժամանակն է, որ հայերը կանգնեն և ասեն՝ մենք ձեռնոց ենք նետում ամերիկահայերին, մեկ դոլար կտաք դուք, մենք կտանք երկու դոլար, դուք կտաք երկուսը, մենք կտանք երեքը:
«Չպետք է ցինիզմով վերաբերվել տալու երևույթին։ Շատ բան արել ենք, էլի կանենք, բայց պետք է հայաստանցիներն էլ կարողանան գալ և ասել, որ հիմա մի հիմնադրամ են ստեղծում, ողջ հայերին ամբողջ աշխարհի բերելու են այստեղ սովորելու: Հայաստանը մեկ օրգանիզմ է երկու թոքերով, մեկ թոքը որ փակվի, մյուսը պետք է ավելի շատ աշխատի, որ մյուսն առողջանա»:
Ավելին՝ տեսանյութում:












































