Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ֆիլիպ Ռյոսլերը կառավարությանն առաջարկել է վաճառել խոշոր ընկերություններում պետության ունեցած մասնաբաժինը: Այս մասին գրում է Die Welt-ը: Պարբերականի տրամադրության տակ է հայտնվել Ռյոսլերի փաստաթուղթը:
Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է, որպեսզի պետությունը ազատվի կոմերցիոն ձեռնարկությունների, ինչպես նաև ֆինանսական հաստատությունների իր մասնաբաժնից: Նախարարության ներկայացուցիչը հաստատել է նման փաստաթղթի գոյությունը, սակայն հրաժարվել է մեկնաբանություններից:
Նա որևէ կոնկրետ գործողություն չի առաջարկել, կոչ է արել հնարավորինս արագ փորձագիտական հանձնաժողով կազմել՝ հստակ պլան մշակելու համար: Նախարարի խոսքով՝ նման միջոցառումները արդեն 2016-ին թույլ կտան հաշվեկշռել բյուջեն:
Գերմանիան զգալի մասնաբաժիններ ունի մի շարք խոշոր ընկերություններում և բանկերում:








































