Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը, որտեղ նախագահ Բաշար Ալ-Ասադի զորքերն իբրև թե հոգեմետ նյութ են կիրառել ընդդիմադիրների դեմ, դառնում է ավելի խճճված:
Սիրիայի իշխանությունները հերքում են, որ կիրառել են իրենց մոտ գտնվող թունավոր նյութերը և պնդում` զանգվածային ոչնչացման բոլոր զենքերը գտնվում են պահեստներում խիստ վերահսկողության ներքո: Սակայն ռազմական մասնագետները հիշեցնում են, որ նման քանակությամբ զենք եղել է Լիբիայում, որն այժմ ոչ մեկի վերահսկողության ներքո չի գտնվում:
Ինչպես հաղորդում է Kommersant-ը, երեք շաբաթ է անցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նախազգուշացումից հետո, իսկ այս ընթացքում հնարավոր է զենքը Լիբիայից տեղափոխել Սիրիա և աղմկահարույց ակցիա կազմակերպել երկրում:
«Օբամայի վարչակազմը հստակ ասել է, որ Սիրիա ներխուժման համար հիմք կլինի ժողովրդի դեմ քիմիական զենք կիրառելը: Այդ պատճառով Ալ-Ասադի հակառակորդների համար, բնականաբար, շատ կարևոր է, որ այդ զենքը կիրառվի »,- մեջբերում է Kommersant-ը Ռուսաստանի արտաքին և պաշտպանության քաղաքականության խորհրդի նախագահ Ֆյոդր Լուկյանով խոսքերը:
Նշենք, որ դեռևս հունիս ամսին սիրիական DamPress գործակալությունը հաղորդել էր, որ իբր Սիրիայի զինված ընդդիմադիրների վերահսկողության տակ է անցել Լիբիայում պահվող քիմիական զինամթերքը, և նախատեսվում է դրանք կիրառել խաղաղ բնակիչների դեմ:







































