Ներկայիս մշակութային դաշտը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը գնահատում է «բոբիկ», քանի որ այդ «դաշտն ադեկվատ չէ իրական արժեքային դաշտին` ձևի ու բովանդակության առումով», սակայն բողոքելու փոխարեն` ինքը ձգտում է հասկանալ՝ ինչ է պետք անել այս վիճակից դուրս գալու համար:
Նրա գնահատմամբ՝ ազատականությունը, որ տիրում է մեզանում, հանգեցնում է ֆորմալիզմի ու վուլգարության, որտեղ մեծ դեր են խաղում դպրոցները:
Ինչ վերաբերում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 2012թ. ձեռքբերումներին, ապա նա նշեց, որ ինստիտուտը արդեն երկրորդ տարին է, ինչ խստացնում է կրթական չափորոշիչները, վերանայվում են ուսումնական ծրագրերը, կարգապահության հաստատումը:
Մազմանյանին գոհացնում է ինստիտուտում վարպետաց դասերի անցկացումը հայտնի կինոռեժիսորների կողմից, վերականգնվել է ուսանողական թատրոնը, որտեղ խաղում են թատրոնի շրջանավարտները: Նա ուրախությամբ հայտնեց, որ ներկայում ինստիտուտն ունի Երևանի լավագույն ձայնագրման աուդիոստուդիա, որտեղ ինստիտուտի շրջանավարտները կկարողանան տիրապետել տեխնիկական այն բոլոր գործիքներին, որոնք անհրաժեշտ են հեռուստածրագիր ստեղծելու համար:
«Ուսանողները մեղավոր չեն, որ 4 տարի սովորել են առանց տեսախցիկ բռնելու»,- հավելեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը՝ հույս հայտնելով, որ 2 տարի անց արդեն մենք կզգանք որակապես նոր օպերատորների, հեռուստառեժիսորների ու դերասանների ներկայությունը:
Որպես տարվա նվաճում նա առանձնացրեց կինոռեժիսոր Ռոման Բալայանի, Արտավազդ Փելեշյանի հետ «ՀայԱրթՍինեմա» հիմնադրամի ու ինստիտուտի բարձրագույն կուրսերը: «Բոլորն ասում էին, որ նա իր կյանքում այդքան չէր խոսել, որքան խոսեց իր վարպետաց դասին ու ուսանողների հետ հանդիպմանը: Այդքան խոսող ու ժպտացող Փելեշյան մենք երբեք չէինք տեսել»,- ասաց Մազմանյանը:










































