Մեծ է հավանականությունը, որ Վենեսուելան չի կարողանա վճարել իր արտաքին պարտքը, քանի որ դոլարների սղության պատճառով կառավարությունը չի կարող նույնիսկ բավարարել բնակիչների կարիքները՝ կարծում են Հարվարդի համալսարանի տնտեսագետներ Կարմեն Ռեյնհարթն ու Քեննեթ Ռոգոֆը:
Երկրի տնտեսությունը այնպիսի վատ վիճակում է, որ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2 տոկոսով ցածր է, քան 1970 թվականին՝ գրել են տնտեսագետները Project Syndicate պարբերականում: Աշխարհում նավթի խոշորագույն պաշարներով երկրում արժութային կարգավորման 10 տարում դոլար գրեթե չի մնացել, ինչը հանգեցրել է ամեն ինչի դեֆիցիտի՝ դեզոդորանտներից մինչև ավիատոմսեր:
Երկիրն ունի նաև ներքին պարտքեր: Ecoanalitica խորհրդատվական ընկերության տվյաներով՝ Վենեսուելան մոտ 21 մլրդ դոլար է պարտք տեղի ընկերություններին ու ավիաընկերություններին:
Տնտեսագետները հոդվածում գրում են, որ հաշվի առնելով այն փաստը, որ կառավարությունը չի կարողանում վճարել բնակիչների պարտքերը շատ ոլորտներում, կարելի է կարծել, որ արտաքին պարտքի դեֆոլտի հավանականությունը երկրում մոտ է 100 տոկոսի:










































