ՀԱԿ-ը պետք է կառուցվածքային և օրիենտացիոն փոփոխություններ կատարի, որպեսզի կենսունակ դառնա. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Թե այսուհետ ինչ է սպասվում ՀԱԿ-ին, ըստ փորձագետի` կախված է մի քանի հանգամանքներից: Նա հիշեցրեց, թե ինչ էր ասել դեռևս մի քանի տարի առաջ՝ ՀԱԿ-ը, որպես բազմակուսակցական դաշինք, վաղուց դադարել է գոյություն ունենալ:
«Եթե 2008թ.-ին ՀԱԿ դաշինքն իրեն արդարացնում էր մի շարք տակտիկական հարցեր լուծելու կտրվածքով դիտարկելու դեպքում, ապա որոշ ժամանակ անց այն դադարեցրեց իրեն արդարացնել որպես դաշինք, որովհետև հասկանալի էր, որ կուսակցությունների մեծ մասն ընդամենը արդարադատության նախարարությունում գրանցված կուսակցություններ են, սակայն իրականում գոյություն չունեն:
Փետրվարյան միջոցառումից հետո Հայաստանում կստեղծվի բոլորովին այլ իրավիճակ, Հայաստանում քաղաքական իրավիճակը որոշ ժամանակով կառկախվի, և այս ժամանակաընթացքում ՀԱԿ-ը պետք է համապատասխան կառուցվածքային և օրիենտացիոն քայլեր ձեռնարկի, որոնց դեպքում կարող է կենսունակ լինել»,- մեկնաբանեց փորձագետը:
Արմեն Բադալյանի համոզմամբ՝ եթե փոփոխություններ չարվի, ՀԱԿ-ի վիճակն էլ ավելի կվատանա:
«Իրենք ժամանակ ստացան` հանգիստ շնչելու: Արդեն ժամանակն է, որ ՀԱԿ-ը բազմակուսակցական դաշինքից վերածվի մեկ կուսակցության` հստակ օրիենտացիոն ուղղվածությամբ, և հստակեցնի, թե ի վերջո այդ կուսակցությունն ինչպե՞ս է պատկերացնում ՀՀ ապագան` եվրոպակա՞ն, թե՞ ռուսական կառույցներին ինտեգրվելով: ՀԱԿ-ը, ուզի, թե ոչ, պետք է հստակեցնի իր օրիենտացիան: Այդպես չվարվելու դեպքում իր ուժերով ոչնչի չի հասնի: Այս ամենից հետո արդեն համապատասխան ծրագրային, գաղափարական քայլեր պետք է իրականացնեն»,- կարծում է Արմեն Բադալյանը:
Հիշեցնենք. այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու գալիք նախագահական ընտրություններում` իր տարիքի պատճառով:









































