Ոչ իշխանական եռյակի կամ քառյակի հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու հոկտեմբերի 24-ին՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում։ Այսօր Ազգային ժողովում եռյակի նիստից հետո հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Նա ասաց, որ այսօրվա նիստում գնահատել են հոկտեմբերի 10-ի հանրահավաքը։
Լ.Զուրաբյանն ասաց, որ տեղի է ունեցել մի հանրահավաք, որը 88-ից իվեր ամենամարդաշատն էր և ոգևորող էր։ Նա չբացառեց, որ 24-ի հանրահավաքից հետո շուրջօրյա հանրահավաք լինի։ Նա նաև շատ հավանական համարեց, որ մինչ այդ հանրահավաքը կհանդիպեն եռյակի ուժերի առաջնորդները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը։
Լ.Զուրաբյանը նաև ասաց, թե իրենք այլևս ոչ մի առաջարկություն չունեն՝ ուղղված իշխանություններին, և իշխանություններից որևէ ակնկալիք չունեն։ Բայց իշխանությունները մինչև հոկտեմբերի 24-ի հանրահավաքը այդ մասին մտածելու ժամանակ ունեն։ Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը սպառված է, և իրենք ցանկանում են այնպիսի իշխանություն, որը կարող է լուծել Հայաստանի առջև դրված խնդիրները։ Իսկ որ ժողովուրդը ցանկանում է Ս.Սարգսյանի հրաժարականը՝ Լ.Զուրաբյանի խոսքով, ցույց տվեց հանրահավաքի ժամանակ «Սերժի՛կ, հեռացի՛ր» վանկարկումներով, և որ մինչև 2018 թվականը ժամանակ չկա, քանի որ Հայաստանը հիմա է կործանվում։
Լուսանկարը՝ Photolure-ի







































