ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման անդամներն իրենց Dabiq magazine քարոզչական ամսագրում խոստովանել են քուրդ-եզդի կանանց և երեխաների նկատմամբ բռնության ու նրանց ստրկացման փաստերը՝ արդարացնելով այդ գործողությունները: Այս մասին հայտնում է RT կայքը:
Պարբերականի հոդվածներից մեկում ասվում է, որ Իրաքի Սինջար շրջանի վրա ահաբեկչական հարձակումից հետո «գրոհայինները, որոնք մասնակցել են շրջանի գրավմանը, միմյանց միջև բաժանել են եզդի կանանց ու երեխաներին»՝ ինչպես մնացած ավարը:
Հոդվածի հեղինակի խոսքով՝ եզդիների ստրկացված ընտանիքները վաճառվել են: Նա նշում է, որ դա չի հակասում շարիաթի օրենքներին, որոնց համաձայն՝ փոքր երեխաներին անհրաժեշտ է բաժանել մորից:
Human Rights Watch-ի նախօրեին հրապարակված զեկույցը հաստատում է այս տվյալները: Կազմակերպության իրավապաշտպաններին հաջողվել է խոսել կանանց հետ, որոնք կարողացել են փախչել զինյալների գերությունից: Հարցվածները հաստատել են, որ իրենցից խլել են երեխաներին, իսկ անչափահաս աղջիկներին բռնի ամուսնացրել գրոհայինների հետ:
Կանանցից մեկը պատմել է, որ տեսել է, թե ինչպես են դեռահաս աղջկան աճուրդում վաճառել 1000 դոլարով, իսկ 2 տղաների ստիպել են իսլամ ընդունել:
Գերությունից փախած 19-ամյա Սիվը պատմել է, որ իր ամուսնուն սպանել են իր աչքի առաջ, հետո իրեն տարել Մոսուլ և ստիպել մասնակցել «խմբակային հարսանիքի»: Զինյալները գերեվարված կանանց հավաքել են մի տեղ ու հետո որպես կին ընտրել:








































