Եգիպտոսի գլխավոր դատախազ Թալաաթ Աբդալլան վիճարկել է Կահիրեի քրեական դատարանի որոշումը խորհրդարանի վերին պալատի (Խորհրդատվական խորհրդի) նախկին ղեկավար Սաֆուտ Ալ-Շարիֆին կալանքից ազատելու մասին: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում անելով գլխավոր դատախազությանը:
Ալ-Շարիֆը պահվում էր քննչական մեկուսարանում, նրան մեղադրում են կոռուպցիայի, պետական միջոցների յուրացման և ծառայողական դիրքն ի նպաստ իր շահերի օգտագործելու մեջ: Դա տեղի է ունեցել այն շրջանում, երբ նա բարձր պետական պաշտոններ է զբաղեցրել Հոսնի Մուբարաքի կառավարման ժամանակ:
Երեքաշբթի կեսօրին Կահիրեի քրեական դատարանը նրան 8300 դոլար գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել:
Գլխավոր դատախազի բողոքն ուղարկվել է Վերաքննիչ դատարան: Դատախազը որոշել է բողոքարկել որոշումն այն բանից հետո, երբ պաշտոնական դիմում է ստացել Կոռուպցիայի դեմ պայքարի եգիպտական հանձնաժողովից, որով պահանջվում էր պարզել Ալ-Շարիֆի ազատարձակման պատճառը:
Այսօր Վերաքննիչ դատարանի կոլեգիան պատրաստվում է արտահերթ նիստի՝ նշանակելու Եգիպտոսի գլխավոր դատախազի բողոքի քննարկման ամսաթիվը:
Քննության տվյալներով՝ ընդհանուր առմամբ, Ալ-Շարիֆը յուրացրել է 50 մլն դոլար: Տարբեր ժամանակներում նա զբաղեցրել է Եգիպտոսի հեռուստառադիոհեռարձակման կազմակերպության, տեղեկատվության նախարարի և խորհրդարանի վերին պալատի ղեկավարի պաշտոնները:








































