ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին:
Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ արձանագրել է, որ հայ-սերբական հարաբերությունները հիմնված են բազմամյա բարեկամության վրա, ինչի մասին են վկայում նաև վերջին շրջանում տեղի ունեցած բարձրաստիճան փոխայցելությունները: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների միջև նկատվող ակտիվ շփումները մեծապես կնպաստեն հայ-սերբական բազմակողմ հարաբերությունների առաջընթացին: Պարոն Սահակյանը հայ-սերբական հարաբերությունների ընդլայնման հարցում կարևորել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունն ու փոխայցելությունները:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները ձգտում են ԼՂ հակամարտությունը լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որը, ըստ Գալուստ Սահակյանի, միակ ձևաչափն է՝ երաշխավորված միջազգային հանրության կողմից: Այս համատեքստում նա կարևորել է հրադադարի ռեժիմի խիստ պահպանումը:
Գալուստ Սահակյանը, հիշեցնելով, որ գալիք տարում լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, նշել է, որ Հայաստանը շարունակելու է հետամուտ լինել Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, քանզի մարդկության դեմ ուղղված նման ոճիրներն անպատժելի թողնելը նույնն է, ինչ թույլ տալ դրանց կրկնությունը:
ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է միջազգային կառույցներում համագործակցության և փոխշփումների ակտիվացման անհրաժեշտությունը միմյանց դիրքորոշումներին ծանոթանալու առումով, ինչը, պարոն Սահակյանի համոզմամբ, զերծ կպահի քվեարկությունների ժամանակ տեղի ունեցող թյուրիմացություններից:
Խորհրդարանի ղեկավարը կարևորել է նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և այս կապակցությամբ գոհունակությամբ նշել ընթացիկ տարվա մարտին կայացած հայ-սերբական առաջին գործարար համաժողովի մասին: Պարոն Սահակյանն անհրաժեշտ է համարել նաև հայ-սերբական միջմշակութային կապերի աշխուժացումը, ինչը, նրա կարծիքով, կնպաստի երկու ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդմանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչն ընդգծել է, որ Հայաստանում իրեն զգում է գրեթե իր հայրենի քաղաքում՝ Բելգրադում: Նա ևս կարևորել է միջխորհրդարանական կապերի սերտացման անհրաժեշտությունը բոլոր մակարդակներում, բարեկամական խմբերի փոխայցելությունները: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ նա ընդգծել է, որ Արցախի հիմնախնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, մադրիդյան սկզբունքների հիման վրա: Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է զարգացնել համագործակցությունը նաև տնտեսության ոլորտում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հետաքրքրություն ունեցող այլ հարցերի:
Հանդիպման ավարտին Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը գրառում է կատարել ԱԺ Պատվավոր հյուրերի գրքում, որից հետո ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Ազգային ժողովի շենքում, եղել է նիստերի դահլիճում:









































