Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ ավարտվել է Զոյա Զ.-ի գործի դատական քննությունը:
20-ամյա Զոյան մեղավոր է ճանաչվել ակնհայտ սուտ մատնության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մայիսի 16-ին ոստիկանությունում նա սուտ հաղորդում է տվել, թե Վահագն Վ.-ն խաբեությամբ՝ հագուստներ գնելու պատրվակով, 2013 թվականի փետրվարի 28-ին ՀՀ պետական սահմանը հատելը կազմակերպելով՝ իրեն տեղափոխել է Թուրքիա, որտեղ մինչև 2013 թվականի ապրիլ ամիսը ինքը ենթարկվել է սեռական շահագործման:
Զոյան, առաջադրված մեղադրանքի համաձայն, Վահագն Վ.-ին սուտ մեղադրել է ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար:
Ընդհանուր իրավասության դատարանում Զոյան իրեն մեղավոր է ճանաչել ու միջնորդել է գործը քննել արագացված ընթացակարգով:
Դատարանը հաստատված է գնահատել Զոյայի մեղքը և դատապարտել է նրան 2 տարի ազատազրկման:
Կիրառվել է պայմանական դատապարտություն, և սահմանվել է 1 տարի փորձաշրջան:









































