News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի գլխավոր դատախազությունը օտար դեսպանատներից մեկից բողոք է ստացել նախկին նախարարներից մեկի վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին.
«Օտար դեսպանատունն ԱԳՆ-ի միջոցով դիմել է դատախազություն: Դեսպանատան նամակում ընդգծվում է սեփական քաղաքացիներից մեկի դիրքորոշումը, որին կոնկրետ նախարարը ստիպել է գնել Toyota մակնիշի 10 ավտոմեքենա: Դա շատ ծանր դեպք է»:
Կբիլաշվիլին, սակայն, չի հայտնել, թե որ երկրի դեսպանատնից է ստացվել բողոքը, և որ նախարարի մասին է խոսքը: Նա հավելել է, որ, ընդհանուր առմամբ, իրենք ստացել են մինչև 7000 հայտարարություն՝ կապված նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության կառավարման ժամանակ արդարության վերականգնման հետ: Նա ասել է, որ երկրում կա 393 դատախազ և 72 քննիչ, և որ ռեսուրսները բավարար չեն:






































