Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի ստորագրումը չի խոչընդոտի ԵՄ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը՝ լրագրողներին ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեան: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը հավանության է արժանացրել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը: Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 10-ին՝ ուրբաթ օրը, Մինսկում պետությունների ղեկավարների մակարդակով խորհրդի նիստին: Այսպիսով, Հայաստանը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ միասին կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ, որը կսկսի գործել 2015թ. հունվարի 1-ից:
ԵՄ ներկայացուցչի խոսքերով՝ կողմերը կաշխատեն իրավական գործիքների ուղղությամբ՝ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: «Այնպես որ՝ ես չեմ կարծում, որ դա (ԵՏՄ-ին անդամակցելը) արգելք կհանդիսանա»,- ասել է Հրիսթեան:
«Մենք հայկական իշխանությունների հետ միասին գտնվում ենք համագործակցության որոշակի ոլորտների որոշման գործընթացում: Քանի որ մնացած հարցերը համաձայնեցվել են Վիլնյուսում»,- ավելացրել է դեսպանը:








































