Երևանի քաղաքապետարանը Էրեբունի-Երևան տոնակատարությունների շրջանակներում այսօր կազմակերպել էր միջազգային կոնֆերանս՝ «Երևան-2025» խորագրով, որի ժամանակ փորձ արվեց ներկայացնել մայրաքաղաքի զարգացման նախագծեր:
Կոնֆերանսին ներկա էին հյուրեր արտերկրից, դեսպանություններից, նախարարներ:
Միջազգային այս կոնֆերանսին, սակայն, քաղաքապետ Տարոն Մարգարյանի ելույթում չհնչեց և ոչ մի բառ, ոչ մի տեսլական, ոչ մի հեռահար ծրագիր 2025-ի մասով: Այդպես էլ հասկանալի չդարձավ, թե ինչպիսին կլինի Երևանը 2025-ին:
Քաղաքապետն ամենայն մանրամասնությամբ թվարկեց այն բոլոր աշխատանքները, որոնք կատարվել են իր պաշտոնավարման ժամանակ՝ սկսած բակերի բարեկարգումից, խաղահրապարակների կառուցումից, կոյուղաջրերի հեռացման համակարգերի կարգավորումից, վերջացրած կանաչապատմամբ: «Աննախադեպ ծավալների են հասնում բազմաբնակարան շենքերի բակային տարածքների ասֆալտապատման, խաղահրապարակների, կանաչապատման, լուսավորության աշխատանքները»,-ընդգծեց քաղաքապետը: Ի դեպ, նա այս աշխատանքները թվարկելուց հետո չէր մոռանում պարտադիր զուգահեռներ անցկացնել խորհրդային ժամանակների հետ:
«Ես ակնկալում էի, որ «Երևան-2025» խորագիրը կրող այս կոնֆերանսում քաղաքապետի ելույթը պիտի ավելի շատ լիներ այն մասին, թե 2025-ին ինչ Երևան կունենանք, ինչ քայլեր, ինչ անելիքներ ու ծրագրեր կան: Բայց ավելի շատ լսեցինք, թե 3 տարում ինչ ենք ձեռք բերել: Ամեն դեպքում, Երևանը շարունակում է խրված մնալ իր հոգսերի մեջ: Վերելակի խնդիր կա, աղբահանության ու բազմաթիվ այլ խնդիրներ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































