Չինաստանի Շանհայ քաղաքի առևտրի կենտրոններից մեկում կոտրվել է էկզոտիկ ձկներով, կրիաներով և շնաձկներով լի 34 տոննա կշռող ակվարիումը:
Ինչպես հաղորդում է Life News-ը, վիթխարի ակվարիումը փլուզվել է անմիջապես այցելուների և առևտրի սրահի աշխատակիների վրա, ինչի հետևանքով 15 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Ջրի հետ ակվարիումից դուրս են թափվել ծովային ֆաունայի տասնյակ ներկայացուցիչներ, այդ թվում 40սմ երկարություն ունեցող երեք շնաձուկ, որոնք տեղում սատկել են:
Առայժմ հայտնի չէ, թե ինչու է ճաքել 15սմ հաստություն ունեցող ակվարիումի ապակին: Սակայն սա առաջին նման դեպքը չէ սուպերմարկետում. հունիսին պայթել էր ակվարիում ջրի խողովակը, որի հետևանքով սատկել էր երկու շնաձուկ:
Առևտրի կենտրոնի ղեկավարության խոսքերով՝ ակվարիումը վերականգնելու ծրագրեր դեռևս չկան:










































