ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց նախագահական ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ որոշումը, ըստ որի՝ նա չի առաջադրվելու նախագահի թեկնածու: Երեք օր առաջ ՀՀՇ համագումարում նա առաջադրման սպասող իր համակիրներին առաջարկել էր երկու օր էլ սպասել՝ կատակելով, որ դիմել է գերտերություններին, որ իր մասնակցության վերաբերյալ որոշումներ կայացնեն:
Այս կիսահեգնական վիճակը Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ էության, շարունակեց մինչև վերջ և հավատարիմ մնաց իրեն. առանց հեգնանքի ու արհամարանքի բանը գլուխ չեկավ: Ընդ որում, հեգնանքն ու արհամարանքը ուղղված էին թե՛ այսպես ասած ոչ համակիր հանրությանը և թե՛ սեփական համակիրներին:
«Իմ առաջադրմանը թեր և դեմ արտահայտվողների կողմից բերվում են հիմնավոր թվացող տասնյակ փաստարկներ, բայց շրջանցվում է փաստարկներից ամենահիմնականը: Որքան ինձ հայտնի է, դեռևս ոչ ոք չի բարձրացրել այն հարցը, թե արդյոք սեփական ժողովրդին հարգող մարդը կարո՞ղ է վաթսունութ տարեկան հասակում հավակնել նախագահի պաշտոնին: Զարգացած ժողովրդավարական երկրներում սովորաբար այդպիսի բան տեղի չի ունենում»,- ասում է Լևոն Տեր-Պետրոսյանը:
Մի կողմ թողնենք այն, թե որքանո՞վ են նրա փաստարկները տվյալ պարագայում արդարացված կամ հիմնավոր, արդյոք կա՞ն հակառակը վկայող պատմական նախադեպեր և այլն: Տվյալ դեպքում մարդը կայացրել է որոշում, որը ոչ միայն քաղաքականապես ճշգրիտ և ռացիոնալ է` նկատի ունենալով նրա ռեսուրսները այս պահին, այլ պարզապես նաև մարդկայնորեն արժանի է հարգանքի: Բայց խնդիրն այն է, որ Տեր-Պետրոսյանը այդ որոշման հիմնավորումներում ինքն է անհարգալից վերաբերմունք ցուցաբերում հասարակության հանդեպ:
Եթե պատճառը 68 տարեկան լինելն է, ինչպես ինքն է ասում, և եթե «սեփական ժողովրդին հարգող մարդը այդ տարիքում նախագահի հավակնություն չի ներկայացնում», ապա ինչն էր որոշումն այսքան ձգձգելու պատճառը: Ինչու չառաջադրվելու մասին ազնվորեն չհայտարարել ավելի շուտ: Լավ, գուցե Տեր-Պետրոսյանը դա չէր անում իր քաղաքագիտական վերլուծության գիծը առաջ տանելու նպատակով՝ համարելով, որ նման որոշումը կարող է արգելակել այդ ընթացքը և ԲՀԿ-ի հետ համագործակցությունը: Սակայն գոնե Ծառուկյանի որոշումից հետո այլևս կարելի էր ազնիվ ու բաց լինել հասարակության հետ՝ հարգանք ցուցաբերելով հետաքրքրված հասարակության հանդեպ:
Միևնույն ժամանակ, Լևոն Տեր-Պետրոսյանը բացահայտում է Լևոն Զուրաբյանին, բայց ոչ թե գաղտնալսմամբ, այլ մի փոքր այլ տարբերակով: Լևոն Զուրաբյանը մի քանի անգամ հայտարարել է հրապարակավ՝ ի պատասխան Տեր-Պետրոսյանի դիրքորոշման մասին հարցերի, թե նա հաշվարկում է բոլոր հնարավորությունները, նա դիտարկում է առաջադրվելու տարբերակները և այլն: Փաստորեն, Լևոն Զուրաբյանը խաբո՞ւմ էր հանրությանը: Չէ՞ որ Տեր-Պետրոսյանը երեկ չի դարձել 68 տարեկան: Թե՞ Տեր-Պետրոսյանը երեկ իմացավ, որ 68 տարեկան է: Կա՞մ էլ Զուրաբյանը չգիտեր, թե ինչով է զբաղված, ինչ է կարծում Տեր-Պետրոսյանը, այլ պարզապես նրա անունից ինչ-որ հայտարարություններ էր անում կշռելու, դիտարկելու, գցել-բռնելու վերաբերյալ:
Այսինքն, միևնույն է, նման դեպքում էլ, ըստ էության, ստացվում է, որ Զուրաբյանը կեղծում էր՝ խոսելով մի բանի մասին, ինչից տեղյակ չէր: Սա հետաքրքրական իրողություն է նրանով, որ Զուրաբյանը դիտարկվում է և համարվում է Տեր-Պետրոսյանի ժառանգորդը, այսինքն՝ այն «երիտասարդը», որի առաջ ճանապարհ բացելու մասին է հայտարարում Տեր-Պետրոսյանը:
Ինչևէ, Տեր-Պետրոսյանը, ըստ էության, որոշում կայացրեց ոչ միայն նախագահական ընտրությունների, այլև պարզապես իր քաղաքական հետագա գործունեության վերաբերյալ, և կարծես թե երկու հարցի վերաբերյալ որոշումը ուղղակի մեկտեղեց՝ բավական թափանցիկ կերպով ակնարկելով նաև ակտիվ քաղաքականությունից հեռանալու կամ առնվազն նման գործընթաց սկսելու մասին: Սակայն միևնույն ժամանակ ակնհայտ է նաև, որ Տեր-Պետրոսյանը մտադիր է պահպանել իր ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա և առնվազն ՀԱԿ-ի մասով նա բացարձակապես չի պատրաստվում իրադարձությունների զարգացումը մատնել ինքնահոսի։









































