1864թ. այս օրը Քութայիսում (Վրաստան) ծնվել է արևելագետ, հայագետ Նիկողայոս Մառը:
1891թ. Մառը ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարան, իսկ ավարտելուց հետո անցել է այնտեղ աշխատանքի` 1911թ. դառնալով արևելագիտության ֆակուլտետի դեկան։ 1912թ. նա դառնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ։
1904թ. Մառը, Թորոս Թորամանյանի օժանդակությամբ, իրականացրել է Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկի` Անիի պեղումները, ինչպես նաև հետազոտել է հին հայկական և վրացական գրականությունը։
1915–1915թթ. Հովսեփ Օրբելու հետ մեկնել է Վան և ուսումնասիրել ուրարտական սեպագիր արձանագրությունները: 1922–1931թթ. հիմնել ու ղեկավարել է մի շարք գիտական հաստատություններ Մոսկվայում և Լենինգրադում: Մառը գիտական գործունեությունն սկսել է որպես հայ մատենագրության պատմաբան. ուսումնասիրել է Եղիշեի, Եզնիկ Կողբացու, Ղազար Փարպեցու, Մխիթար Գոշի գործերը:
Մառը բացահայտել է հայ մատենագրության նշանակությունը ասորական և հունական գրավոր հուշարձանների նախնական խմբագրությունները վերականգնելու համար: Ակներում, Շիրակավանում, Դվինում, Զվարթնոցում և Գառնիում նախնական պեղումներին զուգընթաց` Մառը հիմնավորապես զբաղվել է Անիի պեղումներով (1893–1917թթ., ընդմիջումներով), որը համակողմանիորեն մտածված ու ծրագրված հնագիտական աշխատանքի առաջին ձեռնարկումն էր Հայաստանում:
Պեղումների ընթացքում հայտնաբերել է Բագրատունյաց Գագիկ Ա արքայի (990– 1020թթ.) ամբողջական արձանը, ինչպես և Գագկաշեն եկեղեցին՝ հատակագծով ու ձևով նման Զվարթնոցին: «Անի» աշխատությունը (1934թ., ռուսերեն) վերոհիշյալ գիտական ուսումնասիրությունների ամփոփումն է:
Նիկողայոս Մառի անունով Երևանում կոչվել է փողոց: Մահացել է 1934թ. դեկտեմբերի 20-ին:








































