«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայազն» կուսկացության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը:
–Ձեզ համար պա՞րզ են ոչիշխանական եռյակի կողմից առաջ քաշված պահանջները:
–Դրանք ո՞րն են. եթե 12 կետերն են՝ դրանք ինձ պարզ են: Դրանք լոյալ ընդդիմության նորմալ պահանջներ են, որ շատ մի թալանեք, կարմիր գծերը հանեք, քաղաքականությունը ավելի մարդկային դարձրեք, ավելի մեղմացրեք ճնշումը: Դա նորմալ է, ես նորմալ ընդունում են: Մի կողմից՝ իմ պահանջներն էլ են, բայց քաղաքական առումով դրանք հիմնարար պահանջներ չեն: Ես համոզված եմ, որ իրենց համակիրները հիմա տեղյակ չեն, թե այլ ինչ պահանջներ են լինելու: Կռահում են, իրար հետ բանավիճում են՝ ես ինքս վկա եմ եղել: Մի մասը ասում է, որ կգան և հրաժարականի արմատական պահանջներ կդնեն, մի մասն էլ ասում է, որ դեռ շուտ է: Իրենք էլ չգիտեն: Երբ որ պարզ լինի՝ այդ ժամանակ էլ գնահատականը կտանք:
–Եթե հանկարծ դրվի իշխանափոխության, համակարգային փոփոխության պահանջ, կարծում եք՝ սրանով արդարացվա՞ծ է։
– Որակական տարբերություն հնարավոր է՝ լինի, բայց համակարգային տարբերությունը որակական տարբերության շատ ավելի հիմնարար ձևն է: Այսինքն՝ կարող է պատահի՝ հանկարծ այն ճնշիչ մեխանիզմը այն աստիճանի է հասել, որ այսօր ժողովրդի համբերությունը հատել է: Ուստի կմեղմանա, մի քանի շատ վատ օրենքներ կարող են չեղարկվել, կարող է չինովնիկները ինչ-որ մի ժամանակ իրենց պարկեշտ պահեն: Լավ բան է, բայց դա համակարգային փոփոխություն չէ: Համակարգային փոփոխություն կարող է լինել, երբ մեր համաքաղաքացիները վերցնեն այս պետության ճակատագիրը իրենց ձեռքը իրենց կամքով: Ոչ թե մարդկանց դնեն արդեն գոյություն ունեցող համակարգի այս կամ այն դիրքում, այլ ձևավորեն համակարգ իրենց հագով, իրենց չափով, իրենց համար հարմար և որոշեն, թե այդ համակարգում ժամանակավորապես ով ինչ դեր է կատարելու: Եթե նման բանի մասին է խոսքը, ապա դա համակարգային փոփոխություն է՝ հաճույքով կքննարկեմ:
Ինչ վերաբերում է իշխանափոխությանը՝ բոլոր դեպքերում դրական բան է: Այս իշխանության գոյությունը անհամատեղելի է հայ ազգի գոյության հետ: Նայում ենք՝ ամեն տարի 100-200000-ով պակասում է: Մաթեմատիկորեն մեզ 10-15 տարվա կյանք է մնացել: Բնականաբար, իշխանափոխությունը շատ լավ բան է, բայց ես չէի ուզի Եռյակին քննադատել տարաձայնությունների համար: Այն, որ իրենք, իմ տեսակետից, բավական չափով ազգային չեն, ոչ բավականաչափ հեղափոխական են, դասակարգային խնդիրներ կան: Այդ ամեն ինչը դնում ենք մի կողմ: Այն ամենը, ինչ իրենք են հռչակում, որքանով են իրենք համապատասխանում իրենց հռչակածին: Որպեսզի իմ և իմ ընկերների մոտ հետաքրքրություն առաջանա, ես առնվազն պետք է տեսնեմ, որ իրենց հռչակած արժեքներին առնվազն իրենք համապատասխանում են:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում









































