14 տարվա աշխատանքից հետո կլուծարվի Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի Եվրասիական տնտեսական միությունը (ԵվրԱզԷՍ): Հոկտեմբերի 10-ին Մինսկում տեղի ունենալիք 5 երկրների նախագահների հանդիպումը կլինի վերջինը այդ միության ձևաչափով: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ «ԵվրԱզԷս-ը կլուծարվի 2015թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ուժի մեջ մտնելու կապակցությամբ»: Մինսկում 5 երկրների նախագահները պայմանագիր կստորագրեն ԵվրԱզԷս-ի գործունեության դադարեցման մասին:
«ԵվրԱզԷս-ի գործունեությանը վերջակետ կդրվի՝ չնայած քարտուղարությունը դեռ կշարունակի գործել մինչև 2015 թ. սկիզբը, հետո կազմակերպությունն ամբողջովին կդադարի գոյություն ունենալ»,- նշել է Ուշակովը:
ԵվրԱզԷս-ի գլխավոր քարտուղարը Թաիր Մանսուրովն է, 2011 թվականից ԵվրԱզԷս-ում նախագահում է Ռուսաստանը:











































