«Գիտեք, դա այնպիսի աքսիոմա է, որ, այո, պետք է լինել հայաստանամետ: Դա բոլորին է պարզ: Հայաստանի կուսակցությունները պետք է լինեն հայաստանամետ»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար, Աժ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը` ի պատասխան հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում հնչած այն մտքի մասին, որ «կործանարար է միակողմանի արևմտամետ կամ միակողմանի ռուսամետ լինելը», և արդյոք հնարավո՞ր է, որ Հայաստանը ո չ արևմտամետ լինի, ո չ էլ ռուսամետ:
«Այլ հարց է, թե դու ի՞նչ արժեքների ես դավանում և ի՞նչ տիպի պետություն ես կառուցում: Դու ունես երկու մոդել, մեկը ռուսական մոդելն է, մյուսը՝ եվրոպականը: Առաջինն այն սովորական մոդելն է, որը խեղդում է իր քաղաքացուն, մյուսը համամարդկային արժեքների վրա հիմնված համակարգն է: Դու ընդամենը դա ես ընտրում,-նշել է Ալ. Արզումանյանը` ավելացնելով,- այստեղ հարցը չի դրվում, թե դու ռուսականն ես ընտրում կամ արևմտյանը: Հարցն այն է, թե հասարակությունն ի՞նչ կոնսենսուսի է գալիս, ի՞նչ արժեհամակարգի վրա է կառուցում իր պետությունը: Սա պետք է ընտրել»:










































