Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացել են Պակիստանի հետ: Վերջերս երկու երկրները սովորել էին միմյանց եղբայրական պետություններ անվանել, իսկ հիմա նրանց գործարարներն ու պաշտոնյաները էներգետիկ ոլորտում համաձայնության գալ չեն կարողանում:
Պակիստանի իշխանությունները վերջերս ձերբակալել են թուրքական խոշոր KARADENİZ Holding-ի դուստր ձեռնարկությանը պատկանող 2 բեռնատար նավ: Ընկերությունը բողոքում է, որ արդեն 600 մլն դոլարի վնաս է կրել այդ ձերբակալության արդյունքում: Վնասների չափը գնալով մեծանում է:
Թուրքական էներգետիկ ոլորտի հսկա Zorlu Enerji ընկերության պակիստանցի գործընկերը դատական հայց է ներկայացրել` պահանջելով ակտիվների փոխանցում: Պակիստանցի պաշտոնյաները հայտարարում են, որ իրենց դատարաններն անկախ են, իսկ իշխանությունը բիզնեսի գործերին չի միջամտում:
Այս ամենի հետ մեկտեղ նրանք նշում են, որ թուրք գործարարների հետ ունեցած խնդիրների լուծման հարթակ կարող է դառնալ կառավարական հարթակը: Իսկ թուրքական KARADENİZ Holding-ը և Zorlu Enerji-ն իրավիճակը բացատրում են տնտեսական անկումներով:
Նրանց կարծիքով՝ Իսլամաբադն ունի զգալի արտաքին պարտքի պարտավորություն, սակայն բավարար միջոցներ չունի դրանք փակելու համար: Պակիստանի տնտեսությունը դեֆոլտի սահմանագծին է: Կառավարությունն իրավիճակն արագ փրկելու համար որոշել է խաղալ օտարերկրյա բիզնեսի վրա:










































