Ավստրալիական Սիդնեյ քաղաքում տղամարդը Սանտա Կլաուսի հագուստով թալանել է առևտրի կենտրոնում տեղակայված խանութներից մեկը: Միջադեպը տեղի է ունեցել Լիվերպուլի շրջանում` դեկտեմբերի 23-ին:
Տեղեկությունների համաձայն՝ տղամարդը մուտք է գործել խանութ, երբ այն արդեն փակ է եղել: Նա կոտրել է դուռը, բացել է երկաթյա պահարանը և թալանելով՝ լքել հանցագործության վայրը: Թե որքան գումար է գողացել, չի տեղեկացվում:
Սանտա Կլաուսին նկատել են խանութից դուրս գալիս` գնումների համար նախատեսված սայլակով, որի մեջ դրված է եղել պարկ: Տղամարդը հայտնվել է տեսախցիկների տեսադաշտում, սակայն նրա դիմագծերը պարզել հնարավոր չի եղել՝ սպիտակ մորուքի պատճառով:
Նման հանցագործություններ ամանորյա տոներից առաջ հաճախ են լինում: Հանցագործները հարձակումներ են իրականացնում բանկերի, խանութների, սրճարանների և այլ հաստատությունների վրա` հագնելով Սանտա Կլաուսի, եղնիկների և ամանորյա այլ հերոսների հագուստներ:










































