Մհեր Սեդրակյանի ներողություն խնդրելը կարող էր լինել արտաքին ուժերի ազդեցության ներքո։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը՝ խոսելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի այսօր տարածած հայտարարության մասին. «Իհարկե դրական եմ որակում Մհեր Սեդրակյանի այն արարքը, որ նման միջադեպից հետո ներողություն խնդրեց: Ընդհանրապես ներողություն խնդրելը միայն բառ չէ. այն իր մեջ բազմաթիվ իմաստներ է կրում:
Ես որքանով տեղյակ եմ նա սկզբում հրաժարվել էր ներողություն խնդրել։ Չգիտեմ՝ գուցե դա եղավ արտաքին ուժերի ազդեցության ներքո, բայց ամեն դեպքում այն, որ պատգամավորը լրագրողից ներողություն խնդրեց՝ արդեն իսկ դրական արարք է, և կարծում եմ, որ որպես լավ օրինակ պետք է ծառայի այն մնացած պատգամավորների համար, ովքեր իրենց թույլ կտան վիրավորել կամ սպառնալ լրագրողներին»:
Հիշեցնենք, որ այսօր պատգամավոր Մհեր Սեդրակյանը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ ափսոսում է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի համար: Նա նշել էր, որ սա, թերևս, այն դեպքն է, որ և՛ լրագրողը, և՛ պատգամավորը ներողություն խնդրելու կարիք ունեն: Մ. Սեդրակյանն իր ափսոսանքն էր հայտնել նյարդային պահին հնչեցրած խոսքերի համար:












































