Անգլիական Քենթ դքսության ապաստարանի Հուդա անունով «բնակիչը» իր ահռելի չափերով վախեցնում է հավանական տերերին: Հուդա անունով 9 կգ-անոց կատուն դարձել է «Երջանիկ ավարտ» ապաստարանի իսկական այցեքարտը:
Սև ու սպիտակ 50 սմ-անոց կատուն իր ահռելի չափերով վախեցնում է պոտենցիալ տերերին:
«Մեզ մոտ կատուները կարող են միջինը մնալ 2-3 ամիս, սակայն նա մեզ մոտ է արդեն 9 ամիս, և առայժմ նրան տանելու ցանկացողներ չկան»,- նեղվում է ապաստարանի մենեջեր Հիզեր Ջորդանը:
Նրա խոսքերով՝ 3-ամյա Հուդան իր ցեղատեսակներից տարբերվում է միայն արտաքինով:
«Կենդանի ընտրելիս այցելուները կանգնում են նրա վանդակի մոտ և հարցնում՝ արդյոք ամեն ինչ կարգի՞ն է նրա հետ: Բայց նա նույնքան կատու է, որքան մյուսները` նույն ձևով խաղում և մլավում է: Ես անհանգստանում եմ նրա համար, երևի նա իրեն մերժված է զգում»,- պատմել է Ջորդանը:
Հսկայական կատուն պատահաբար է հայտնվել ապաստարանում: Նրա տերերը կատվին բերել էին քնեցնելու, սակայն անասնաբույժը չի կարողացել քնեցնել այդ զարմանահրաշ կենդանուն:
Հաստատության ղեկավարությունը հույս ունի, որ իրենց «աստղային բնակչի» համար տոնական հրաշք տեղի կունենա, և գալիք տարում Հուդան իրեն սիրող ընտանիք կգտնի:










































