Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մտադիր է դիմել Սերժ Սարգսյանին` մարտի 13-ից անազատության մեջ գտնվող հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի նկատմամբ մեղմ վերաբերմունք ցուցաբերելու խնդրանքով: Գագիկ Ծառուկյանը օրերս, պատասխանելով Սամսոն Խաչատրյանին վերաբերող հարցին, ասել է.
«Որպես Օլիմպիական կոմիտեի նախագահ՝ ես երկրի նախագահին դիմելու եմ, որ հնարավորության սահմաններում մեղմ մոտեցում լինի, որովհետև ամբողջ մարզաշխարհում նա սիրված, հարգված մարդ է»: Նշելով, որ Սամսոն Խաչատրյանը կարողացել է Հայաստանի հեղինակությունը ամբողջ աշխարհում բարձր պահել` Ծառուկյանը միաժամանակ ասել է, թե դա չի նշանակում, որ նման մեծ լումա, հեղինակություն ունեցող մարզիկները պետք է օրենքի խախտում թույլ տան:
Ծառուկյանի նշյալ հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով «Առաջին լրատվականը» դիմեց նախկին քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանին:
«Կարծում եմ, նախագահ կոչվածին ոչ թե պետք է դիմել Սամսոն Խաչատրյանին մեղմ մոտենալու խնդրանքով, այլ պետք է պահանջել, որ Սամսոն Խաչատրյանին անհապաղ ազատ արձակեն, որովհետև Սամսոն Խաչատրյանը որևէ հանցագործություն չի կատարել, նա պարզապես պաշտպանել է հայ կնոջ, երեխայի պատիվն ու արժանապատվությունը:
Ավելին, նույն նախագահ կոչվածին պետք է միջնորդել, որ Սամսոն Խաչատրյանին պարգևատրեն համապատասխան մեդալով»,- ասաց Աշոտ Զաքարյանը:










































