Սոցիալական ցանցերում մշտական ներկայությունը հանգեցնում է քաշի ավելացման, ինչպես նաև անառողջ սննդի օգտագործման: Հետազոտողները նկատել են, որ նրանք, ովքեր սոցցանցերով պարբերաբար շփվում են ընկերների հետ, ունեն ավելի բարձր ինքնագնահատական, սակայն ինքնավերահսկողության ավելի ցածր մակարդակ: Այս մասին հայտնում է Raut.ru-ն:
Դա նշանակում է, որ նման մարդիկ, մեծ հավանականությամբ, հակված են անառողջ մթերքներ ընդունելուն:
Կոլումբիայի և Փիթսբուրգի համալսարանների մասնագետների թիմը ենթադրել է, որ հենց այդ գործոնն է հանդիսանում քաշի ավելացման իրական պատճառ, այլ ոչ թե նստակյաց կենսակերպը:
Սոցիալական ցանցերը, անկասկած, դրական են ազդում սեփական արժանապատվության զգացման և բարեկեցության համար: Դրանք, սակայն, զուգահեռաբար բացասաբար են ազդում սննդային նախասիրությունների վրա: Ինքնագնահատականի կարճատև բարձրացումը հանգեցնում է ինքավերահսկման նվազեցման: Մասնագետների ուսումնասիրությունների թիրախում եղել են Facebook-ի օգտատերերը:
Գիտնականները նկատել են, որ ընկերների հետ շփման համար սոցցանցերն օգտագործողները այդ գործն ուղեկցում են ալկոհոլային կամ գազավորված ըմպելիքներով և թեթև, անառողջ սնունդով: Նկատվել է նաև, որ սոցցանցերով շփման սիրահարներն իրենց կրեդիտ քարտերի վրա ավելի մեծ պարտքեր ունեն կուտակած:
Այս տվյալները մտահոգիչ են, քանի որ Facebook-ի ակտիվ օգտատերերի թիվն արդեն անցել է միլիարդից: Այսինքն՝ մոլորակի յուրաքանչյուր 7-րդ բնակիչ դատապարտված է ճարպակալման, ալկոհոլիզմի և կործանման:










































