Իրաքի Ռամադի քաղաքի բնակիչները, որոնց մեծ մասը սուննիներ են, փակել են կենտրոնական մայրուղին՝ պահանջելով Իրաքի շիա վարչապետ Նուրի Ալ-Մալիկիի հրաժարականը: Ցույցին մասնակցել է մոտ 2000 մարդ: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
Ակցիայի պատճառը ֆինանսների սուննի նախարար Ռաֆի Ալ-Իսավիի անվտանգության 9 աշխատակիցների ձերբակալությունն էր:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 21-ին Իրաքի իշխանությունները ահաբեկչական գործունեության կասկածանքով ձերբակալել էին ֆինանսների նախարարի 9 թիկնապահների: Ինչպես փոխանցում է «Ալ-Իրաքիա» հեռուստաալիքը՝ ձերբակալությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ ֆինանսների սուննի նախարարը պահանջել է շիա վարչապետի հրաժարականը:
Նշենք, որ ավտոմայրուղին Սիրիան կապում է Հորդանանի հետ: Սուննիները մեղադրում են Ալ-Մալիկիին և նրա կառավարությանը հարևան Իրանի հետ համագործակցության և շիաների շահերը ակտիվորեն պաշտպանելու մեջ: