Վերաքննիչ քրեական դատարանում Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, դատավորներ Մանուշակ Պետրոսյանի և Արարատ Պետրոսյանի մասնակցությամբ այսօր ավարտվեց Արտակ Սնխչյանի շահերի պաշտպաններ Ա. Շահբազյանի և Ա. Մնացականյանի բերած վերաքննիչ բողոքի քննությունը:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով 40-ամյա Արտակ Սնխչյանը դատապարտվել է 2003 թվականի դեկտեմբերի 10-ին կատարած հանցագործության համար:
Դեպքի օրը, ժամը 22-ի սահմաններում Սնխչյանը Թադևոսյան փողոցի շենքերից մեկի բակում հավաքված մարդկանց տեսել, մոտեցել ու իմացել է, որ նրանք պարզաբանում են կատարում Նորիկ Թովմասյանի հետ:
Վերջինս, ըստ «պարզաբանողների», ինչ-որ մեկի կատարած հանցավոր արարքի մասին հայտնել էր իրավապահներին ու պատճառ դարձել, որ տվյալ մարդը տուժի 500 դոլարով:
Թաղի «լավ տղերքը» հավաքվել էին՝ «գործ տվող» Նորիկի նկատմամբ «բոզության» համար ինքնադատաստան տեսնելու: Նրանց էր միացել ու իր ակտիվությամբ, ըստ դատավճռի, մյուսներին գերազանցել նաև վերջերս այդ թաղամասում բնակություն հաստատած Սնխչյանը:
Ըստ դատավճռի՝ նա դիտավորյալ հարվածներ էր հասցրել Նորիկին, ըմբշամարտի հնարքներ կիրառելով՝ բարձրացրել վերջինիս ու մի քանի անգամ գլխի վրա գցել ասֆալտապատ գետնին:
Նորիկ Թովմասյանին պատճառվել էր ծանր գանգուղեղային տրավմա, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ:
Թովմասյանը գնացել էր դեպի հանրակացարանը, որտեղ ապրում էր: Նրա հետ գնացել և հանրակացարանի ճանապարհին ու հանրակացարանի սենյակում ևս նրան ծեծի էին ենթարկել Ռաֆայել Մարգարյանը և Վլադիմիր Ստեփանյանը:
Դեպքի հաջորդ օրը՝ 2003 թվականի դեկտեմբերի 11-ի առավոտյան, ինքնադատաստանի ենթարկված Թովմասյանը գանգուղեղային վնասվածքից մահացել էր Տարոնցի փողոցի հանրակացարանի 107 սենյակում:
Դեկտեմբերի 12-ին քրեական գործ էր հարուցվել, իսկ 2004 թվականի փետրվարի 12-ին վարույթը կասեցվել էր՝ մինչև Սնխչյանին, Մարգարյանին և Ստեփանյանին հայտնաբերելը:
Վերջին երկուսը հայտնաբերվել էին 2004 թվականի փետրվարի 20-ին ու դատապարտվել մի քանի ամիս անց՝ օգոստոսին:
Արտակ Սնխչյանը հայտնաբերվել էր 2011 թվականի սեպտեմբերի 22-ին: Նրա մասով գործի վարույթը վերսկսվել էր:
Նախաքննության ժամանակ Սնխչյանը իրեն մեղավոր էր ճանաչել ու զղջացել, որ իր գործողությունների պատճառով Թովմասյանը մահացել էր:
Ընդհանուր իրավասության դատարանում Արտակ Սնխչյանն այլևս իրեն մեղավոր չէր ճանաչել, հայտնել էր, թե դեպքի օրը միացել էր հավաքվածներին, ամոթանք տվել Թովմասյանին ու ընդամենը մեկ անգամ ապտակել:
Ինքն ըմբշամարտի հնարքների չի տիրապետում, չէր կարող այդպիսի հնարքներ կիրառել:
Թովմասյանի գլխին չի հարվածել, գլխի վրա նրան գետնին չի գցել: Նորիկ Թովմասյանը իր ապտակի ժամանակ չի դիմադրել ու չի դժգոհել:
Նա համաձայնել է հատուցել իր կողմից իրավապահների ձեռքը հանձնված և հինգ հարյուր դոլարով տուժած անձի վնասը:
Նորիկն ինքնուրույն քայլելով հեռացել է: Եթե ինքը ծանր գանգուղեղային վնասվածք պատճառած լիներ նրան, նա ինքնուրույն տեղաշարժվել չէր կարողանա:
Սակայն ընդհանուր իրավասության դատարանը Սնխչյանին առաջադրված մեղադրանքը հաստատված է գնահատել ապացույցների համակցությամբ, նրան մեղավոր ճանաչել դիտավորությամբ, խմբի կազմում տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար, որի արդյունքում վերջինս մահացել է:
Արտակ Սնխչյանը դատապարտվել է 7 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2011 թվականի սեպտեմբերի 22-ից:
Սնխչյանի շահերի պաշտպանները բողոքարկել էին դատավճիռը, նշել, թե ապացուցված չէ, որ Սնխչյանի հարվածներից էր տուժողը գանգուղեղային վնասվածքներ ստացել, հետևաբար նրան հարկավոր էր ճանաչել անպարտ ու հռչակել նրա անմեղությունը:
Պաշտպանական կողմի միջնորդությամբ վերաքննիչ դատարանը բողոքը քննեց վերաքննության կարգով: Դատարան հրավիրվեց ու հարցաքննվեց դատաբժիշկ Ադամյանը, որը պնդեց իր տված եզրակացությունը, իսկ մասնագիտական գրականություն ուսումնասիրած պաշտպանի հարցերին պատասխանեց, թե արձանագրված գանգուղեղային վնասվածքն ստանալուց անմիջապես հետո տուժողը կարող էր նաև գիտակցությունը չկորցնել, որոշ ժամանակ էլ ինքնուրույն տեղաշարժվել:
Պաշտպանները դատարան ներկայացրին հանրապետության գլխավոր նյարդավիրաբույժի պարզաբանումն իրենց տված հարցին: Ըստ այդ պատասխանի՝ գանգուղեղի ծանր սալջարդի դեպքում գիտակցության կորուստը պարտադիր է:
Այսօր պաշտպանական ճառում պաշտպանները պնդեցին իրենց բողոքը: Ա. Մնացականյանը դատարանին հայտնեց նաև Սնխչյանի հարազատների խնդրանքը՝ նրա մեղքը հաստատված գնահատելու դեպքում գոնե պատիժը մեղմացնելու վերաբերյալ:
Սակայն այս բանավոր խնդրանքը վերաքննիչ դատարանը հաշվի առնել ու քննարկման առարկա դարձնել չէր կարող, որովհետև օրենքով գործը քննում է բերված բողոքի սահմաններում միայն:
Մեղադրողն առարկեց վերաքննիչ բողոքի դեմ, նշեց, որ պաշտպանների հարցմանը նյարդավիրաբույժի տված պատասխանը չի կարող փոխարինել գործով անցկացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը:
Իր վերջին խոսքում Սնխչյանը պնդեց, թե Թովմասյանն իր հարվածներից չի մահացել, ապա ասաց, թե ավելացնելու բան չունի, բայց խնդրում է, որ դատարանը մեղմ վարվի:
Վերաքննիչ քրեական դատարանը պաշտպանների բողոքը մերժեց, պատժաչափի հարցին էլ չանդրադարձավ, որովհետև դրա վերաբերյալ վերաքննիչ բողոքում նշված չէր:
Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն ու Արտակ Սնխչյանի նկատմամբ սահմանված 7 տարի 6 ամիս ազատազրկումը մնացին անփոփոխ:










































