Հիպերմարկետների «Կարֆուր» ֆրանսիական ցանցը, որը նախատեսում է գործունեություն ծավալել նաև Հայաստանում, հայտարարել է աշխատատեղերի մրցույթ և աշխատակազմ է հավաքագրում իր ապագա առևտրի կենտրոնի համար:
Նախապես հայտարարվել էր, որ կենտրոնը կգտնվի «Դալմա գարդեն մոլ»-ում, որտեղ և մինչ օրս փակցված է «Կարֆուրի» պաստառը: Սակայն այսօր մամուլում լուրեր տարածվեցին, որ ՀՀ իշխանությունների «գործուն միջամտությամբ» ֆրանսիական ընկերությունը մտքափոխվել է և մեր երկրում կենտրոն չի բացի:
«Դալմա գարդեն մոլի» մարքեթինգի գծով փոխտնօրեն Վահագն Գևորգյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ «Կարֆուրի» հետ նախնական պայմանավորվածություն ձեռք էր բերվել, այժմ քննարկումները դեռ շարունակվում են, և ավելին չի կարող ասել:
Նշենք, որ «Կարֆուրի» հետ կապված ինտրիգը դրա «անկախությունն» է. եթե վերջապես այն սկսի իր գործունեությունը Հայաստանում, ապա ՊԵԿ-ի ու օլիգարխների ճնշումներն անզոր կլինեն, և գոնե այդ վայրում միջազգային ու տեղական գների միջև կապը կդառնա ուղիղ համեմատական, քանի որ այս հիպերմարկետների ցանցն ինքն է ներկրում իր ապրանքը, և, օրինակ, Սամվել Ալեքսանյանն այլևս գին թելադրող չի լինի շաքարավազի ու բազմաթիվ այլ ապրանքների մասով: Որոշ առումով դա կլինի մենաշնորհների «վերջը» ՀՀ-ում:











































