Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը ներել է իր նախկին անձնական սպասավոր Պաոլո Գաբրիելեին, որը դատապարտվել էր Վատիկանի գաղտնի փաստաթղթերը գողանալու համար: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Հռոմի պապն անձամբ է Գաբրիելեին հաղորդել ներում շնորհելու մասին:
«Այսօր առավոտյան Սրբազան հայր Բենեդիկտոս 16-րդը այցելել է բանտում գտնվող Պաոլո Գաբրիելեին, որպեսզի անձամբ հաստատի իր ներումը»,- ասվում է Վատիկանի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին դատարանը երեք տարվա ազատազրկման էր դատապարտել Հռոմի պապի նախկին անձնական սպասավորին, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ Գաբրիելեն նախկինում դատվածություն չի ունեցել, ինչպես նաև նրա մասնակի զղջումը, ազատազրկման ժամկետը կրճատվել է մինչև մեկուկես տարի: Պաոլո Գաբրիելեն մեղադրվել է Վատիկանի գաղտնի փաստաթղթերը գողանալու համար:






































