Նախորդ ընտրություններում Տեր-Պետրոսյանի գրանցած անհաջող փորձը բացասականորեն կանդրադառնա այս առաջադրման վրա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ խոսելով ներկա իրավիճակում գալիք նախագահական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերի դասավորության շուրջ:
Նա նշեց, որ գալիք ընտրություններին չմասնակցելու որոշումներից ամենանշանակալիցը ԲՀԿ առաջնորդի հրաժարականն էր, որովհետև, իր համոզմամբ, Գագիկ Ծառուկյանի ունեցած ձայների ծանրակշիռ ծավալը թույլ էր տալիս ենթադրել, որ նրա առաջադրման դեպքում լուրջ մրցակցություն էր լինելու նախագահական ընտրություններում: Բայց ներկա իրավիճակում, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է իր չառաջադրվելու մասին, Ադիբեկյանի կարծիքով, երրորդ-չորրորդ կարգի կուսակցությունների հրաժարականները, բացի թեթև հոգեբանական ազդեցությունից, լուրջ ազդեցություն չեն կարող ունենալ:
Հարցին, թե ընդդիմադիր կուսակցությունների չառաջադրման որոշումը չի՞ կարող ավելացնել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ձայները, եթե որոշի առաջադրել իր թեկնածությունը՝ սոցիոլոգը պատասխանեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ունի իր անձնական վարկանիշը, և նա կարող է ունենալ առավելագույնը 15 % ձայն:
«Ինքը նախորդ ընտրությունների 25 տոկոսը դժվար թե կարողանա ունենալ , որովհետև այն ժամանակ հավատ կար ոմանց մոտ, որ նա կարող է վերադառնալ, բայց այդ անհաջող փորձը բացասականորեն կանդրադառնա այս առաջադրման վրա. 25 % նա այլևս չի ունենա»,- մեկնաբանեց Ահարոն Ադիբեկյանը:








































