Հայաստանի ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը ՀՀՇ-ի համագումարի ժամանակ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, թե այսօր այն օրը չէր, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններում իր առաջադրվել-չառաջադրվելու մասին հայտարարություն աներ:
Հիշեցնենք, որ ՀԱԿ առաջնորդը համագումարում իր ելույթի վերջում հորդորեց այդ հարցի պատասխանը ստանալու համար 2 օր էլ սպասել: «Ինքը նշեց, որ կուսակցական չէ: Եվ այսօր գալ ու ՀՀՇ-ի համագումարում հայտարարել, որ կառաջադրվեմ կամ չեմ առաջադրվի, իմ կարծիքով, լուրջ չէ»,- ասաց Գ. Հարությունյանը:
Իսկ հնարավո՞ր է, որ մի քանի օրից Լ. Տեր-Պետրոսյանը կամ նրա գրասենյակը հայտարարեն, որ ՀԱԿ առաջնորդն ինքնառաջադրվում է: «Ինչու հնարավոր չէ: Եթե հիշում եք, 2008թ. էլ ինքնառաջադրում է եղել»,- պատասխանեց Գ. Հարությունյանը՝ Լ. Տեր-Պետրոսյանի առաջադրվելու հնարավորությունը գնահատելով 50/50 հավանականությամբ:
«Առաջին լրատվական»-ի հարցին` անհրաժե՞շտ է, որ Կոնգրեսը 2013թ. նախագահական ընտրություններին թեկնածու առաջադրի, անկախ այն հանգամանքից՝ դա կլինի Լ. Տեր-Պետրոսյանը, թե մեկ այլ գործիչ, Գ. Հարությունյանը պատասխանեց. «Ես կցանկանայի, որ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվեր: Բայց դա իր անձնական որոշումն է»:











































