Կարս-Ախալքալաք երկաթգծի շուրջ բարձրացված աղմուկի առնչությամբ Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ այն Եվրոպային հարկավոր չէ, իսկ Վրաստանի տրանսպորտային գործունեությանը լուրջ վնաս կհասցնի:
Նա նշել է, որ այդ երկաթգիծը միայն Ադրբեջանի հետաքրքրությունների շրջանակում է, և այն կրճատում է Վրաստանի տրանսպորտային եկամուտները: Ըստ նրա՝ այս երկաթգծի հիմնական թերությունը կայանում է նրանում, որ այն շրջանցում է Փոթի և Բաթումի նավահանգիստները, ինչն էլ կկրճատի ապրանքափոխադրումները և հսկայական վնաս կպատճառի Վրաստանի տրանսպորտային գործունեությանը:
Զուրաբիշվիլիի պնդմամբ՝ այդ համաձայնագիրը պետք է որակել որպես նախկին իշխանությունների կատարած հանցանք, որտեղ անձնական շահը գերակայել է պետության շահին:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երկաթգծի հետ կապված հարցերը պատրաստվում է քննարկել Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում:







































