Առնվազն 20 մարդ զոհվել է և մոտ 50-ը վիրավորվել այսօր աֆղանական Պաքտիկա նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` հարձակումն իրականացվել է տեղի շինարարական ընկերության վրա:
Որոշ տեղեկություններով, պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, իսկ մեկ այլ տվյալով` հարձակվողները մի քանիսն են եղել: Սպանվել են շինարարական ընկերության աշխատակիցները և ոստիկանության ներկայացուցիչներ:
Թալիբները, որոնք իրենց վրա են վերցրել պատասխանատվությունը, հայտնել են, որ զոհվածների թվում են աֆղան զինվորականներ և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ: Ռադիոկայանը նաև տեղեկացնում է, որ շինարարական ընկերությունները հաճախ են դառնում թալիբների հարձակման թիրախ: