19-րդ դարի սկզբներին Լոնդոնի փողոցներում հանցավորության մակարդակն անցել էր բոլոր թույլատրելի սահմանները: Ուստի 1829-ի սեպտեմբերի 29-ին Լոնդոնում սըր Ռոբերթ Փիլը՝ այն ժամանակվա ՆԳ նախարարը, խորհրդարանին է ներկայացրել ոստիկանության աշխատանքի բարելավման մասին փաստաթուղթ, համաձայն որի՝ ոստիկանության բոլոր ստորաբաժանումները պետք է ենթարկվեին ՆԳՆ-ին: Նա նախաձեռնել է Լոնդոնյան ոստիկանության մասին օրենքի ընդունումը:
1829թ. սեպտեմբերի 29-ին նրա կողմից ձևավորվել և սկսել է գործել Մեծ Լոնդոնի քաղաքացիական ոստիկանությունը, որը ստացել է Սքոթլանդ Յարդ անվանումը: Ի սկզբանե այն ուներ հազար աշխատակից, ովքեր սպասարկում էին 7 մղոն շառավղով տարածք, որտեղ այդ ժամանակ ապրում էր 2 մլն մարդ:
Սքոթլանդ Յարդ անվանումն առաջացել է ոստիկանության կենտրոնակայանի գտնվելու վայրից: Այն գտնվում էր Ուայթհոլում՝ Մեծ Սքոթլանդ Յարդ փողոցում:
1890-ին Սքոթլանդ Յարդի գործունեությունը ընդլայնվել է, ինչը պահանջել է ոստիկանության տարածքի ընդլայնում: Եվ կենտրոնակայանը տեղափոխվել է Վիկտորիայի առափնյա հատված՝ ստանալով Նոր Սքոթլանդ Յարդ անվանումը:
Մեծ Լոնդոնի ժամանակակից ոստիկանության կենտրոնակայանը Անգլիայի ամենախոշոր ոստիկանական հաստատությունն է և գտնվում է Վեսթմինսթեր շրջանում: Այսօր այն ունի ավելի քան 40 հազար աշխատակից, ովքեր սպասարկում են Լոնդոնը և նրա արվարձանները:






































