«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ներհանրապետական ուղևորափոխադրումներից կրում է տարեկան մոտ 2 մլրդ դրամի վնաս: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀԿԵ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը՝ պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին, թե որքան է կազմում ՀԿԵ վնասը:
Կոնցենսիոն պայմանագրով նախատեսվում է ուղևորափոխադրումային ծառայությունների վնասի համար տրամադրել սուբսիդիա. 2009-2010թթ.` 10%, 2011-2012թթ.` 15%, 2013թ.` 20%, 2014-2015թթ.` 25%, իսկ 2016-ից մինչև 2038 թվականը, երբ ավարտվում է պայմանագրի ժամկետը, 30%: Այս տարի ՀԿԵ վնասի չափի սուբսիդիան պետբյուջեից կազմում է 155 մլն դրամ:
Ռեբեցը հայտնեց, որ սակագների հաշվարկի մեխանիզմը շատ բարդ է, և հաջորդ տարի նախատեսվում է այն պարզեցնել, որը, սակայն, չի ազդի տոմսերի արժեքի վրա: Աշխատանքային և ոչ աշխատանքային օրերի համար կկիրառվեն նաև հատուկ սակագներ: ՀՀ-ում ՀԿԵ-ի ուղևորափոխադրումների իրականացումը Ռեբեցն անվանեց «սոցիալական համագործակցություն կառավարության հետ՝ բնակչության կենսամակարդակի բարձրացման համար»: Նա վստահեցրեց, որ վնասի հիմնավորումը ստուգվում է անկախ աուդիտի կողմից, իսկ վերջինին ՀԿԵ-ն հրավիրել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության առաջարկով:
«Հայաստանում աշխատանքի 4 տարիների ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը նախապատվությունը տալիս է հայրենական արտադրողներից ապրանքների ձեռք բերմանը»: Սակայն ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցի` ընկերությունը որքա՞ն է ծախսել գնումների վրա, և դրանց ո՞ր մասն է բաժին ընկել հայկական արտադրողներին, Ռեբեցն ասաց, որ այս տարի տեղական արտադրողներից գնումների ծավալը կհասցվի մոտ 3 մլրդ դրամի, որը ՀԿԵ ընդհանուր գնումների 20%-ն է: Նրա խոսքով՝ ոչ բոլոր դեպքերում է հնարավոր ապահովել լավագույն որակ/գին հարաբերակցությունը, իսկ ընկերությունը նախապատվությունը տալիս է լիցենզավորված ապրանքներ ձեռք բերելուն:
ՀԿԵ ղեկավարը գոհունակություն հայտնեց միջազգային ուղևորա և բեռնափոխադրումների ծավալների աճից. հունվար-նոյեմբերին նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 11% և 6%:











































