Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախարարների կաբինետը կարգադրել է ձևավորել Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) շարժական ու անշարժ գույքի հաշվառման համատեղ հանձնաժողովի ադրբեջանական կազմը:
Ուշագրավ է, որ այս հրամանը ստորագրվել է նոյեմբերի 15-ին, այսինքն՝ մոտ երեք շաբաթ առաջ, քան Ռուսաստանը պաշտոնապես հայտարարեց Գաբալայի ՌՏԿ-ի գործունեության դադարեցման մասին: Հանձնաժողովին հանձնարարվել է մեկ ամսվա ընթացքում ապահովել գույքագրումը: Ադրբեջանի ԱԳՆ-ին իր հերթին հանձնարարվել է ռուսական կողմին իրազեկել հանձնաժողովի կազմի մասին:
Ադրբեջանական կողմից հանձնաժողովի ղեկավար է Ադրբեջանի ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, պաշտպանության փոխնախարար Ալթայ Մեհթիևը:










































