Հայ ազգային կոնգրեսում, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ, և մինչ Լևոն Տեր-Պետրոսյանը կկայացներ իր որոշումը կամ որևէ ակնարկ կաներ այդ մասին, ՀԱԿ անդամ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը հայտարարեց նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին: Իհարկե, Բագրատյանը նաև հայտարարեց, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ապա ինքը կհանի իր թեկնածությունը, սակայն սա արդեն այնքան էլ էական նշանակություն չունի առաջադրվելու և ՀԱԿ քաղխորհրդում իր անդամությունը սառեցնելու նրա հայտարարության ֆոնին:
Կարելի է ասել, որ թեև առայժմ ոչ դե յուրե, բայց ըստ էության ևս մի կուսակցություն է խզում կապերը ՀԱԿ-ի հետ: Համենայնդեպս` Բագրատյանի որոշումը, որոշման ժամանակի ընտրությունը վկայում են այն մասին, որ նախկին վարչապետը հազիվ թե վերադառնա ՀԱԿ-ի շրջանակ:
Լավ է սա, թե վատ, կամ ում համար ինչպես է` ցույց կտա ժամանակը: Խնդիրն այստեղ այն է, որ ՀԱԿ-ից պոկվում է փաստորեն հերթական, այսպես ասած, արևմտամետ ուժը: Սկզբում «Ազատ դեմոկրատներն» էր, իհարկե` այն կազմը, որ հետո ստեղծեց այդ կուսակցությունը: Հետո «Հանրապետությունը» և Դավիթ Շահնազարյանը, որը ևս ակնհայտորեն արևմտյան ծիրի քաղաքական հայացքների կրող է: Հիմա` Հրանտ Բագրատյանը:
Սա, իհարկե, շատերը դիտարկում են որպես, այսպես ասած, արևմտյան դավադրություն ՀԱԿ-ի դեմ: Սակայն նույն տրամաբանությամբ ՀԱԿ-ը կարելի է դիտարկել որպես ռուսական դավադրություն հայ հասարակության դեմ, երբ Ռուսաստանը պահում է իր իշխանությունը և նաև ձևավորում, այսպես ասած, իր ընդդիմությունը` այսպիսով փորձելով հավերժացնել իր գերազդեցությունը Հայաստանի վրա:
Այս առումով Կոնգրեսի տրոհումը Հայաստանի համար դառնում է կենսական նշանակության խնդիր, որովհետև Հայաստանում երբ իշխանությունն ու ընդդիմությունը գտնվում են մեկ պետության գերազդեցության ծիրում, աշխատում են մեկ գերտերության շահերի համար և այդ շահերը սպասարկելու մեջ են տեսնում սեփական քաղաքական շահերի հաջողությունը` անկախ նրանից, թե հատկապես որ գերտերության մասին է խոսքը, ապա երկրի համար կենսական է դառնում այլընտրանքային ընդդիմադիր բևեռի ձևավորումը: Կձևավորվի դա, թե ոչ` այլ հարց է, բայց որ ՀԱԿ-ւի տրոհումը ներկայում ըստ էության վկայում է Հայաստանում դեռևս կենսունակ հանրային դիմադրողականության մասին` երևի թե փաստ է, այս առումով իհարկե` դրական փաստ:










































