Լավ բան չեմ կարող ասել, իսկ վատ բան էլ չեմ ուզում ասել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Քաղաքային պանթեոնում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)՝ անդրադառնալով Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը:
«Ես իշխանության քայլերի մեջ չեմ խառնվում: Ես այն շներից եմ, որը ոչխարի հոտի մոտ նայում է գայլերին և սպասում, որ հենց հարձակվեն՝ ես պաշտպանեմ: Իսկ այն, ինչ տեղի է ունենում երկրի ներսում, ժողովուրդն ամեն բան տեսնում ու հասկանում է: Դրա մասին լավ բան չեմ կարող ասել, վատ բան էլ չեմ ուզում ասել ու չեմ ուզում խառնվել քաղաքականությանը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին և այն փաստին, որ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից դիմելով թուրքերին՝ ասաց՝ «գրողի ծոցին վավերացնեք» հայ-թուրքական արձանագրությունները, Արկադի Տեր-Թադևոսյանն ասաց. «Իմ անձնական կարծիքն է՝ թուրքերի հետ ոչ մի բանակցություն չանել: Մենք պետք է հասկանանք, որ ունենք դարավոր թշնամի, որն ուզում է մեզ ոչնչացնել: Նրանք ունեն շատ ուժեղ դիվանագիտություն. ասում են մի բան, անում՝ ուրիշ բան: Ես առաջին օրվանից էլ դեմ եմ եղել, որ թուրքերի հետ նույն սեղանի շուրջ նստենք, քննարկենք՝ 1915 թիվը եղե՞լ է, թե՞ չի եղել: Ես հասկանում եմ թուրքերին, նրանք փորձեցին երկրորդ 1915 թվական սարքել, բայց չստացվեց, ու հիմա որոշել են մի քիչ փափկացնել խոսքը»:
Ավելին՝ տեսանյութում:









































